News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Թեւան Պողոսյանի հետ:

Ո՞վ է Թեւան Պողոսյանը:

Կյանքը եւ հայրենիքը սիրող մարդ:

Ձեր բնավորության մեջ ո՞ր գծերն եք հավանում եւ որո՞նք տանել չեք կարողանում:

Հավանում եմ հետեւողականությունը, ճշտապահությունը, պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ: Իսկ բնավորության բացասական գծերը աշխատում եմ շտկել:

Ասում են` փոքր ժամանակ չար երեխա եք եղել: Ի՞նչ չարաճճիություններ էիք անում:

Քնել չեմ սիրել ու ահավոր հետաքրքրասեր եմ եղել:

Դուք ձեր երեխաներին չեք ապտակել, բայց մի անգամ ձեր հայրիկի կողմից ապտակի եք արժանացել: Կպատմեք` ինչպես եղավ:

Կարեւորն այն է, որ կյանքիս լավագույն դասերից մեկը ստացա:

Ձեր հայրը Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանն է: Հայրիկի պաշտոնը ի՞նչ փակ դռներ է բացել ձեզ համար:

Հայրս բացի գենետիկ եռանդից ամենակարեւոր «դուռն» է բացել՝ ոգեշնչել է լավ սովորել:

Հարուստ կենսագրություն ունեք թե՛ սովորելու, թե՛ աշխատանքի հետ կապված: Այդ կենսագրության մեջ ամենահպարտանալու կետը ո՞րն է:

Դրանք շատ են, ամեն օրը մի նոր նվաճում է, բայց հպարտանում եմ այն մարդկանցով, ում հետ միասին այդ ճանապարհն եմ անցնում:

Մի առիթով ասել եք, թե ինչին որ հասել եք կյանքում, միշտ ինչ-որ չափով հիմնված է եղել երազանքների վրա: Պատգամավոր դառնալը վերջի՞ն, թե՞ նախավերջին երազանքն էր:

Սիրում եմ երազել եւ պատրաստվում եմ դեռ երկար ապրել:

Ո՞րն է ձեր երազանքների պաշտոնը, որ կցանկանայիք զբաղեցնել կամ կոչումը, որ կցանկանայիք ստանալ:

Պապիկ՝ շրջապատված թոռնիկներով, ծոռներով ու կոռներով: Այս հարցում էլ եմ հեռուն երազում:

Ի՞նչ է փոխում պատգամավորական մանդատը ձեր կյանքում: Ձեր ներկայությամբ ի՞նչ եք բերելու ԱԺ, որ մինչ այդ չկար:

Պատասխանատվությունը կավելանա. որոշումներ ընդունելիս խորհուրդներ տալու առումով:

Սկզբունքներ, որոնք խախտել եք:

Սկզբունքները պետք չէ խախտել, այլ պարագայում դրանք այլեւս սկզբունք չեն:

Ձեր խոցելի կողմերը:

Անխոցելի մարդ չկա, ինչպես նաեւ՝ անսխալ: Ես նույնպես բացառություն չեմ:

Ի՞նչ սիրելի արտահայտություններ ունեք, որոնք օրվա ընթացքում հնարավոր է հաճախակի ասեք, բացի «Չվախենաս, դուխով»-ից:

Ապրես:

Ինչի՞ համար եք զղջում:

Չեմ զղջում արածներիս համար, զղջում եմ միայն չարածներիս համար:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Ոչնչում:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Արդեն ասել եմ, որ չեմ զղջում արածներիս համար:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ:

Ես այսպիսին եմ՝ այն Թեւանը, ինչպիսին կամ...

Զայրանում եք, երբ...

Մարդիկ ոչինչ չեն անում, ծույլ են եւ աննախաձեռնող, բայց օր ու գիշեր բողոքում են:

Զարմանում եք, երբ...

Ինչ-որ մի բան ստացվում է առանց չարչարվելու:

Ձանձրանում եք, երբ..

Մենակ եմ լինում:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ...

Հույսը չի մեռնում քանի դեռ մենք կանք, իսկ հիասթափությունն իմ էության մեջ չկա ընդհանրապես:

Հպարտությունը...

Ընտանիքս, ընկերներս:

Ուրախությունը...

Ցանկացած բարեկամի յուրաքանչյուր ժպիտ:

Տխրությունը...

Մարդկային կորուստ:

Հոգսերը...

Շատ են, բայց ես կենսուրախ, կենսախինդ եւ համառ եմ: Այնպես որ՝ դուխով:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Սերն ընտանիքումս եւ մեծ ընկերական շրջապատը հաղթանակս է: Պարտվողներից չեմ:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Գուցե

Ամենահամարձակ քայլը:

Մայրիկիս ասելը, որ հիվանդ է քաղցկեղով, ու խնդրելը, որ միասին պայքարենք հիվանդության դեմ: Ցավոք միայն 6 տարի տեւեց:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք:

Ես հարուստ եմ ընտանիքովս, երեխաներովս եւ ընկերներովս: Իմ ձեռքով պատրաստած գինին ավելին է իմ համար, քան ցանկացած իր:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Նարնջագույն:

Ամենառոմանտիկ օրը:

Սեպտեմբերի 23, 1993:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Այն ինչ եղել է՝ կարելի է իմանալ դասագրքերից, այն ինչ կլինի՝ մենք ենք արարում: Սա է իմ ժամանակահատվածը, եւ լավագույնն այն պատվով ապրելն է:

Ո՞վ է Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը:

Ամեն ժամանակ իր հերոսներն է ունենում: Լավագույն քաղաքական գործիչր նա է, ով ի շահ եւ ի բարօրություն իր երկրի է աշխատում: Ինձ շատ են ոգեշնչել հայրենասիրության եւ պետության մասին հայրիկիս տված խրատները:

Գրականության մեջ տղամարդու եւ կնոջ սիրելի կերպարը:

Տղամարդու կերպարը Աթոսն է, իսկ կնոջ սիրելի կերպարը՝ Մարգո թագուհին:

Ձեր սիրելի նկարիչները եւ կոմպոզիտորները:

Դալի եւ Ալեքսանդր Հեքիմյան:

Վերջին կարդացած գիրքը:

Պարույր Սեւակի բանաստեղծությունների ժողովածուն եմ վերընթերցում եւ զանազան մասնագիտական հոդվածներ հիմնականում:

Ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել: Ձեր վերջին արտասուքը:

Երեխաներիս ցանկացած հաջողություններից հուզվում եմ: Մի քանի օր առաջ, երբ հեռացատկի մրցույթում Անժելաս առաջին տեղն էր գրավել:

Ձեր մասին ամենաանհեթեթ առասպելը կամ բամբասանքը:

Այդ երկու երեւույթներին առողջ հումորով եմ վերաբերվում եւ չեմ ծանրաբեռնում հիշողությունս:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Ուշանալ չեմ սիրում եւ ճշտապահ եմ: Իսկ ամենաշատը սպասել եմ 14 տարի 10 ամիս:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Օտարամոլությունը:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Ինձ համար աշխարհում կանացիության եւ գեղեցկության էտալոնը կինս է: Նա ինձ 5 երեխա է պարգեւել, եւ դա է իմ աշխարհը:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր կնոջ ծնողների հետ, կոնֆլիկտներ չե՞ն առաջանում: Վերջին թարմ անեկդոտը փեսաների սիրելի զոքանչների մասին:

Ես կարողանում եմ միշտ պահպանել մտերիմ հարաբերություններ կնոջս բոլոր բարեկամների հետ: Աներոջս հետ լավ ընկերներ ենք, իսկ զոքանչս, ցավոք, 5 տարի առաջ մահացել է:

Անցած սերեր:

Համակրանքներ եւ հրապուրանքներ եղել են, բայց սիրել եւ սիրում եմ մեկ անգամ:

Կանայք, ինչպիսի՞ն են նրանք, որո՞նք են հայ կանանց թերությունները եւ առավելությունները:

Կանայք տարբեր են լինում:

Ձեր սիրո պատմությունը: Կարծեմ ձեր մոտ սեր էր առաջին հայացքից, բայց ձեր կինը ձեզ մերժեց եւ հայտարարեց, որ դուք կլինեք վերջին տղամարդը, ում ինքը կընտրի: Կասեք, թե ինչպես համոզեցիք, որ ամուսնանա ձեր հետ, ի՞նչ խոստումներ տվեցիք եւ դրանցից որո՞նք չեք իրականացրել:

Թե ինչպես համոզեցի՝ իմ գաղտնիքն է: Խոստումներն ամեն օր ավելանում են, որոնք սիրով շարունակաբար իրականացնում եմ:

Նախքան ամուսնանալը պլանավորել էիք 13 երեխա ունենալ, ինչո՞վ է պայմանավորված այդ թվի ընտրությունը, ցանկանում էիք ձեւավորվել Պողոսյանների ընտանիքի ֆուտբոլային թի՞մը: Այժմ 5 երեխա ունեք, պլանավորո՞ւմ եք եւս 8 երեխա ունենալ:

Ճիշտ եք: 13 թիվը ուղղակի գաղափար էր՝ մեծ ընտանիք ունենալու: Իսկ մնացածը կյանքը ցույց կտա. Աստծո կամոք:

4 աղջիկ ունեք, մեկ տղա, նպատակը արու զավակ ունենա՞լն էր: Դուք եւս այն տղամարդկանցից եք, որոնց համար սկզբունքային է «տղա ունենալը»:

Սկզբունքային էր շատ երեխա ունենալը: Եթե նպատակը միայն տղան լիներ, ապա 4 հրաշք աղջիկ չէի ունենա: Հիմա 5 գանձ ունեմ:

Ի՞նչ հոբբիներ ունեք, օրինակ`գիտեմ, որ գինեգործությամբ եք զբաղվում, հնարավոր է մի օր վայր դնենք մանդատը եւ ձեզ նվիրեք գինգործության բիզնեսին;

Գինեգործությունից բացի այլ հոբբիներ էլ ունեմ: Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, կյանքը ցույց կտա: Առաջիկա 5 տարիներին ծառայելու եմ Ազգային Ժողովում:

Իսկական տղամարդը չի խմում ,չի ծխում, չի խաղում, «լեւեի» չի գնում, երբեք չի վիճում ու պարզապես գոյություն չի ունենում Նշվածներից ո՞րն եք անում կամ չե՞ք անում:

Առիթներին խմում եմ, ծխելը թողել եմ 3 տարի առաջ, չեմ խաղում, իսկ տեսակետս պաշտպանել գիտեմ: Բարոյապես կայուն, ֆիզիկապես առողջ տղամարդ եմ:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչ է տիեզերքը Ձեզ համար:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը ՕԵԿ-ից Խաչիկ Հարությունյանը ձեզ հարցնում է, թե եթե ունենայիք կախարդական փայտիկ ու այն օգտագործելու մեկ հնարավորություն, ինչ կանեիք:

Կերազեի մարդիկ չհիվանդանեին կամ բոլորըա ռողջ լինեին:

Նշենք, որ Թեւան Պողոսյանը համակարգչային տեխնոլոգիաների ինժեներ է, սովորել է նաեւ Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Աշխատել է Կենտրոնական բանկում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի  գործադիր տնօրեն է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիՀայկ ԲաբուխանյանիՍուքիաս ԱվետիսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ ՎարդապետյանիՍամվել ՆիկոյանիՌուզաննա ՄուրադյանիԱրթուր Գեւորգյանի ,ՕԵԿ-ից` Հեղինե ԲիշարյանիԿարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից`Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի , Նաիրա ԶոհրաբյանիԳուրգեն ԱրսենյանիՎահան Բաբայանի,Արմեն ԱվետիսյանիԲազմասեր ԱռաքելյանիՄիքայել Մելքումյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ Բագրատյանի,Գագիկ ՋհանգիրյանիԱրամ Մանուկյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ