News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հանրապետական խմբակցության պատգամավոր  Հայկ Բաբուխանյանի հետ:

5 ածականով բնութագրեք ձեզ:

Ես զերծ եմ մնում կամ խուսափում եմ ինքս ինձ բնութագրելուց, որովհետեւ գտնում եմ, որ մարդուն պետք է բնութագրեն իր գործերը, ընկերները, ընտանիքը, իմ դեպքում` կուսակցական գործընկերները:

Ձեր կենսագրության մեջ հատկապես ո՞ր կետով եք հպարտանում:

Եթե թողնենք մի կողմ իմ անձնական կյանքը` ընտանիքը, երեխաները, թոռնիկը, իմ աշխատանքային կենսագրության մեջ այն է, որ եղել եմ ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորման որոշման հեղինակներից մեկը, եղել եմ Հայաստանի անկախության հռչակագրի որոշ կետերի հեղինակ, որոշ օրենքների համահեղինակ, հպարտանոմ եմ, որ իմ ընկերների հետ միասին ստեղծել եմ ՍԻՄ կուսակցությունը, «Իրավունք» թերթը: Հպարտանում եմ, որ ավելի քան 500 ուսանող եմ ունեցել, որոնց փորձել եմ փոխանցել իմ գիտելիքը եւ աշխարհայացքը, հպարտանալու բաներ ունեմ:

Իսկ ինչ-որ բանե՞ր կան, որոնց համար ամաչում եք:

Չէ, ամաչելու որեւէ բան չունեմ, ինչ արել եմ, արել եմ անզիվ եւ անկեղծ մղումներով:

Աշխատել եք լրագրող, գլխավոր խմբագիր, Վարդգես Պետրոսյանի ասած «ստորագրության պատիվը» զգացել եք` ի՞նչ է:

Ստորագրության պատիվը կարեւոր զգացողություն է, որ պետք է ամեն մարդ պահպանի, գրի եւ ասի այնպիսի բաներ, որի համար հետո չամաչի կամ ուրիշների կողմից նախատանք չստանա:

Ձեր խիղճը եւ դուք հա՞շտ եք ապրում, թե՞ կռվում եք իրար հետ:

Բարեբախտաբար հաշտ ենք ապրում, կռվի առիթներ չունենք, լավ ենք իրար հետ:

Ձեր ուրախության եւ տխրության աղբյուրը:

Առաջնահերթ իմ ընտանիքն է, հարազատներ, ընկերներ: Ուրախության եւ տխրության առիթները շատ են հասարակական, քաղաքական կյանքում, ամեն մի լավ բանի համար ուրախանում եմ, վատ բանի համար` տխրում:

Ձեր կյանքի համարձակ քայլը:

Դա եւ պատերազմական, եւ շարժման տարիներին էր, բազմիցս ձերբակալվել եմ, հետապնդվել եմ, հարձակումներ են եղել, մահափորձ: Դա այն տարիներն էր, երբ եղել եմ արմատական ընդդիմության մեջ եւ ենթարկվել եմ բազմաթիվ հարձակումների: Երբ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը եւ ես դահլիճում էի, եւ կարծում եմ` որոշակի համարձակություն էր պետք անել այն, ինչ ես եմ արել: Շատ-շատ  դեպքեր են եղել, երբ պետք էր ռիսկի գնալ` հանուն ինչ-որ բաների, վախի դրսեւորումներ իմ կողմից ոչ ոք չի տեսել: Համարձակությունը պետք է լինի հաշվարկված, ոչ թե անմիտ: Թերթի ցանկացած համարի հրատարակումը պահանջում է համարձակություն, դրանից հետո սկսում են տարօրինակ երեւույթներ:

Որո՞նք են ձեր թուլությունները:

Ամենամեծ թուլությունը իմ թոռնիկն է:

Ամենամեծ սուտը, որ ասել կամ լսել եք:

Աշխատում եմ սուտ չխոսել, այնքան շատ ենք սուտ լսում, ոմանք իրենց գովում են, ոմանք ուրիշներին փնովում են: Քաղաքականության մեջ սուտը շատ է տարածված, երբ մարդիկ փորձում են իրենց փառաբանել եւ  ուրիշներին նվաստացնել:

Ինչո՞ւմ եք ձեզ ամենաշատը մեղադրում:

Ինքնախարազանմամբ ընդհանրապես չեմ զբաղվում, ինքս ինձ չեմ մեղադրում, գտնում եմ, որ ինչ-որ արել եմ, արել եմ հիմնականում ճիշտ կամ անկեղծ մղումներով, իսկ մանր-մունր հարցեր եղել են, որ հետադարձ հայացք ես նետում եւ մտածում ես, որ կարելի էր այս կամ այն այլ կերպ լուծել:

Չսիրելի գործեր:

Չեմ սիրում, եթե ստիպված ես անել այն, ինչ պետք է աներ մեկ ուրիշը եւ այդ մեկ ուրիշի թափթփվածության պատճառով ստիպված ես անել այդ աշխատանքը: Չեմ սիրում ծորակներ նորոգել եւ մինչեւ օրս իմ մոտ դա չի էլ ստացվում: Կենցաղային հարցերով այդքան էլ չեմ սիրում զբաղվել:

Այդ առիթով ընտանիքում ձեզնից դժգոհություններ չկա՞ն:

Չէ, մենք արդեն 26 տարի ապրում ենք իմ տիկնոջ հետ, նա ի սկզբանե գիտեր` ինչով եմ ես սիրում զբաղվել, իսկ ինչով` չեմ սիրում:

Նյութական ամենամեծ հարստությունը, որ ունեք:

Թվարկեմ իմ հարստությունները, դուք կորոշեք` որն է ամենամեծը: Ունեմ 2 սենյականոց բնակարան Երեւանում, 600 քառակուսի մետր մակերեսով ամառանոց Խարբերդում, ոնց որ թե առանձնապես մի բան էլ չունեմ:

Վերջին անգամ ե՞րբ եք ինչ-որ մի տեղ հերթ կանգնել եւ երթուղային նստել:

Երեկ խանութում հերթ եմ կանգնել, որպեսզի մոտենամ դրամարկղին, իսկ երթուղայինից չեմ օգտվել բավական երկար տարիներ: Հասարակական տրանսպորտից երթեւեկել եմ մետրոյով վերջերս:

Չլուծված հոգսեր, որոնք այժմ ձեզ մտահոգում են:

Հոգսերից մեկն այն է, որ պետք է նորոգեմ իմ բնակարանը:

Համաշխարհային հայտնի կանանցից ձեզ համար ո՞վ  է գեղեցկության էտալոնը, ում հետ կցանկանայիք հանդիպել թեկուզ զրուցելու համար:

Ես մեծ թերություն ունեմ, չեմ հիշում դերասանների, երգիչների անունները, միայն հիշում եմ, դպրոցական տարիներին ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մաթեի նկարն էի փակցրել:

Ձեր կյանքի կանայք, ինչպիսի՞ն են նրանք եղել:

Առաջինը մայրս է, իմ կինը եւ երկու դուստրերս:

Անցած սերեր չեք ունեցել, կանայք ասելով` նրանց նկատի ունեի:

Գիտեք` ինչպես իմ կնոջ հետ սովորել ենք նույն դասարանում` առաջին դասարանից սկսած, եւ իմզոքանչը իմ առաջին ուսուցչուհին է եղել,այնպես որ ամեն ինչ կանխորոշված էր:

Փեսա-զոքանչ արյունռուշտ հարաբերությունները ինչպե՞ս եք հարթում:

Մեր հարաբերությունները հրաշալի են, ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհուն, նույնիսկ մի դեպք պատմեմ, երբ 3-րդ դասարանից պետք էր մեզ ուրիշ ուսուցչուհի դասավանդեր, ես մայրիկիս խնդրել եմ, որ, մայրիկ, պետք է այնպես անենք, որ ես ամուսնանամ իմ ուսուցչուհու աղջկա հետ, որպեսզի իմ կապը ուսուցչուհուս հետ չկտրվի, այդդպես էլ եղավ:

Այսինքն` զոքանչի համար եք ամուսնացել աղջկա հետ:

Սկզբից այդպես է եղել, բայց հետո ավելի առաջնային էր աղջիկը հետո` զոքանչը:

Իսկ ուսուցչուհի զոքանչը իր աղջկան համակրելու, փեսացուների շարքում լինելու համար ձեզ  «քաղցր աղչքով էր նայում, խրախուսում էր բարձր գնահատակններով:

Վատ չէր, վատ չէր, թեեւ մեկ անգամ անկյուն է կանգնեցրել:

Բա ինչպե՞ս եք ներել, չե՞ք հիշեցնում այժմ այդ մասին:

Անպայման հիշեցնում եմ (ծիծաղում է-NEWS.am):

Ձեր կարծիքով կինը ինչպիսի՞ն պետք է լինի:

Այնպիսին, ինչպիսին իմ կինն է` համեստ, դաստիրակությամբ հայուհի, նվիրված ընտանիքին եւ երեխաների դաստիարակությանը:

Ձեր կնոջ սիրտը ինչպե՞ս եք գրավել, ի՞նչ ռոմանտիկ, խենթ քայլեր եք արել հանուն նրա:

Ստանդարտ էր ամեն ինչ, ես քեզ սիրում եմ, ամուսնանանք, ընտանիք կազմենք: Օրիգինալ բան չեմ արել: Մարդիկ կան, որ ջրի վրա, ջրի տակ, մթության մեջ էին սեր խոստովանում, ես այդպիսի բաներ չեմ արել:

Ծխախոտ, խմիչք եւ մոլախաղեր:

Ծխել եմ մինչեւ 2002թ, համապատասխան չափերի մեջ խմիչ քօգտագործում եմ դեպքից դեպք, երկու անգամ եղել եմ կազինոյում, Լաս Վեգասում, ուրիշ տեղ կազինո չեմ այցելում, երեւի մի 200 դոլար պարտվել է:

Խոհանոցում ի՞նչ եք սիրում պատրաստել եւ ուտել:

Ուտել սիրում եմ ամեն ինչ, բացի սպասից, հատուկ բան չկա, որ սիրում եմ պատրատսել, եթե պետք է, խորոված կարող եմ պատրաստել:

Չիրականացված երազանք ունե՞ք:

Միշտ երազում էի ունենալ որդի, բայց երբ թոռս ծնվեց, կարող եմ ասել այդ երազանքս էլ իրականացավ, անձնական առումով ամեն ինչ լավ է, իսկ քաղաքական առումով իմ երազանքը այն Հայաստանն է, որի մասին բոլորս երազում ենք, դա դեռեւս չիրականացված է: :

Մի անգամ:

Բազմաթիվ անգամներ բազմաթիվ բաներ են լինում:

Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ խմբակցությունից Շիրակ Թորոսյանը ձեզ հարցնում է` ինչպիսի՞ն լինել:

Ով ինչպիսին կարող է, թող այդպիսնն էլ լինի, ի՞նչ կարող եմ ասել:

Ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին:

Ի՞նչ կա-չկա:

Նշենք, որ 48-ամյա Հայկ Բաբուխանյանը ավարտել է  Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Հաշվողական տեխնիկայի ֆ‎ակուլտետը, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն է եղել, «ՙԻրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրենն է, «Սահմանադրական իրավունք միության» կուսակցության նախագահը: Նա  ամուսնացած է, ունի երկու դուտսր եւ մեկ թոռ:  Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչն է: Պատգամավոր է ընտրվել նաեւ 1999-2003թթ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի , Նաիրա Կառապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ Եսայանի , Գարեգին Նուշիկյանի , Հովհաննես Սահակյանի , Արտակ Զաքարյանի , Կարինե Աճեմյանի , Արտակ Դավթյանի , Սամվել Ֆարմանյանի , Շիրակ Թորոսյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի , Էլինար Վարդանյանի , Վահե ԷնֆիաջյանիՆաիրա Զոհրաբյանի , ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի , Հրանտ Բագրատյանի , Գագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի , Խաչատուր Քոքոբելյանի , Ալեքսանդր Արզումանյանի , ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի , անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ