News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության 85 վայրերում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում, կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում անցկացվել է «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը: Նախագծի շրջանակում դպրոցականներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ ստեղծել են յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն իրենց բնակավայրի, համայնքի մասին:  Կատարված աշխատանքի ընթացքը կներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով: Ապրիլի 27-ին տեսանյութերը կհրապարակվեն դպրոցների ֆեյսբուքյան էջերում և կայքերում:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 27-ին կազմակերպվող մշակութային միջոցառումները կիրականացվեն երկու ձևաչափով. գեղարվեստի և արվեստի դպրոցների հարակից տարածքներում ժամը 11:00-ից կկազմակերպվեն դպրոցների սաների նկարչական աշխատանքների ցուցադրություններ, որոնց մասնակիցները հանդես կգան նաև համերգային կատարումներով: Երկրորդ ձևաչափով Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հարակից տարածքում, Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում, ժամը 13:00-17:00-ը կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ տվյալ համայնքի ինքնագործ խմբերի մասնակցությամբ: 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում մշակութային միջոցառումներին կմասնակցեն նաև նախընթաց տարիների երիտասարդական մայրաքաղաքների ստեղծագործական խմբերը, այդ թվում՝ Մեծամորից, Հրազդանից և Չարենացավանից։

Նույն օրը ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: Բանախոսները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, տեխնոլոգիաների բնագավառների ներկայացուցիչներ են, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, այդ թվում՝ ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետական ու տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Բանախոսները կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իերնց պատկերացումներն ու փորձառությունը: Նրանք բանախոսության և դրան հաջորդող հարցուպատասխանի միջոցով քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, ակտիվ քաղաքացիական կեցվածքի և արժեհամակարգի մասին իրենց մոտեցումներով ու պատկերացումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով և ոգևորելով երիտասարդներին։

Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 11:00-ին, իսկ մարզերում՝ ժամը 11:00-ին կամ 14:00-ին, որոնց կհաջորդեն մշակութային միջոցառումներ՝ համայնքների ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Միջոցառման այս ձևաչափի հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, ինչպես նաև անկախություն, ինքնիշխանություն, պետականություն, քաղաքացիություն և քաղաքացիական հասարակություն հասկացությունների արժևորումն ու վերարժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի զարգացումը։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակից համույթները

Գյումրի 

  1. Գյումրու «Դեղձանիկ» վոկալ –էստրադային համույթ
  2. Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի պարային համույթներ
  3. Գյումրու պարային համույթներ
  4. Գյումրու մանկական փողային նվագախումբ
  5. Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների անսամբլ
  6. Գյումրու արվեստի և երաժշտական դպրոցների անհատ երգիչներ

Վանաձոր

  1. Վանաձորի «Հորովել» պարի ստուդիա
  2. Վանաձորի պարարվեստի դպրոց
  3. Վանաձորի երգի թատրոն
  4. Վանաձորի թիվ 2 մշակույթի տուն՝ դհոլահարներ
  5. Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն
  6. Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց
  7. «Էմինյան» պարի ստուդիա
  8. «Ատիստ ԷյԷմ» պարի ստուդիա
  9. «Պարկա» պարի ստուդիա

Երևան

  1. Երգի պետական թատրոն
  2. Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի սաներ
  3. Չայկովսկու անվան դպրոցի լարային նվագախումբ
  4. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ազգային

նվագարանների համույթ

  1. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի փողային

նվագախումբ

  1. Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնահարների

համույթ

  1. Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի համույթ

Գավառ

1.Կարմիր գյուղի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ, «Զարթոնք» պարային համույթ

        2.Նորատուսի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ

        3.Սարուխանի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ

       4.Գանձակի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ

       5.Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ժող.  գործիքների անսամբլ

      6.Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների       անսամբլ, դուդուկահարների համույթ, վոկալ համույթ

      7.Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի փողային  նվագախումբ

  1. Չարենցավանի Գրիգորյան պարախումբ

      9.Ինքնազբաղ ստեղծագործողներ Մեծամոր համայնքից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ