News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Նորմալ մարդ  եմ, ընտանիքի լավ հայր։

Որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Քայլելուց գալիս եմ` հանդիպելու ձեր հետ։

Ժամանակը կամ ապրած տարիները ինչպե՞ս են փոխել ձեզ։

Ժամանակ ինձ երբեք չի կարող փոխել, ինչպես նաեւ պաշտոնը։

Ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր դառնալ եւ ո՞ւմ եք պարտական դրա համար: Ձեր ներկայությամբ ի՞նչ եք բերել ԱԺ, որ մինչ այդ չկա։

Պատգամավոր դառնալու համար շնորհակալ եմ իմ ընկերներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին։ Որոշողը ես չեմ, որոշողը պարոն Ծառուկյանն է, եթե դարձել եմ պատգամավոր, ամեն ինչ կանեմ՝ նպաստելու այն օրենքներին, որոնք ի շահ ժողովրդի են ծառայելու։ Առայժմ ԱԺ եմ բերել իմ «համն ու հոտը», բայց լիքը լավ բաներ եմ բերելու։

ԱԺ-ում հնաբնակների կողմից նորեկների նկատմամբ ճնշումներ չկա՞ն, «բանակային դեդավշինայի» կանոնները չե՞ն գործում։

Ես ԱԺ-ում զգում եմ ինձ, ինչպես ձուկը ջրում, որովհետեւ հնաբնակները ինձ հարազատ մարդիկ են։ Ինձ համար չկա  նորաբնակ, հնաբնակ, բանակի դեդավշինա, կամ գաղութի լավ տղա, ես որտեղ էլ լինեմ, կզգամ ինձ, ինչպես ձուկը ջրում։

Հետաքրքիր դրվագ ձեր կյանքից, օրինակ` մանկությունից։

Շատ աշխույժ եմ եղել։ Անկառավարելի էի, բոլորը ցանկացել են, որ ես ռեժիմ պահեմ, որպեսզի բարձր մարզիկ դառնամ, դռնով մտցնում էին, պատուհանով էի փախչում,  հետո պատուհանով գալիս էի, որ չտենամ, որ տունն եմ, ինձ համար դա շատ հետաքրքիր է եղել։ Ես ուզում էի 50/50` եւ օգտվեմ կյանքի բարիքներից, եւ մեծ մարզիկ դառնամ, բայց սպորտը այդպիսի բաներ չի սիրում:

Որո՞նք են ձեր ուժեղ եւ թույլ կողմերը:

Իմ թույլ կողմը այն է, որ նվիրվածությունից ելնելով շատ խաթրաշահ եմ, իսկ ուժեղ կողմեր շատ ունեմ։

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է:

Ես հավատում եմ իմ Աստծուն։

Իսկակա՞ն Աստծուն:

Իհարկե, ես մի Աստված ունեմ:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Կան սխալներ, բայց մեծ սխալ դեռ չեմ գործել, հուսամ` չեմ էլ գործի։

Ինչո՞ւմ եք ձեզ ամենից շատ մեղադրում:

Որ շատ բարի եմ, չափից դուրս։

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Չեմ կարող ասել, շատ մեծ հաղթանակներ ունեմ, պարտություններս քիչ են։

Ասում են` մարդու անունը պատահական չի դրվում: Ձեր անվան պատմությունը կպատմե՞ք, դրա հետ կապված բարդույթներ ունե՞ք:

Ոչ մի բարդույթ չունեմ անվանս հետ կապված: Դպրոցական տարիններին հաճախ եմ ականատես եղել զարմանքի: Իմ անունը հին հայկական անուն է, պապիս անունն է եղել, նա եղել է մեծ, վաստակավոր մարզիկ, ծնողներս որոշել են դնել իմ վրա՝ մտածելով, որ ես էլ կլինեմ մեծ,վաստակավոր մարզիկ, լավ մարդ, մտածելով, որ ինչ-որ մի բան անունիցս էլ կժառանգեմ։ Ես  չեմ թողնի, որ իմ անունը դնեն թոռանս վրա,  ոչ թե որ գեղեցիկ չէ, այլ ուղղակի չէի ցանկանա։ Մեկ-մեկ ինձ  հարցնում են` կապ ունի քո անունը շատ սերեր ունենալու հետ, բայց ես պատասխանում եմ, որ ոչ մի նման բան չկա, ես ընտանիքի լավ հայր եմ։

Հիմա արդարացրե՞լ եք ձեր ծնողների ցանկությունը։

Այո, արդարացրել եմ ծնողներիս սպասելիքները։

Ո՞վ է Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը:

Գագիկ Ծառուկյանը:

Ինչո՞ւ:

Ինձ համար ինքն է, առանց մեկնաբանությունների։

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞ւմ եք օգնում:

Հոգնում եմ պարապությունից, օգնում եմ բոլորին։

Ե՞րբ եք լռում:

Երբ որ տրամադրություն չեմ ունենում։

Ինչի՞ համար եք զղջում:

Առայժմ ոչ մի բանի։

Ո՞ւմ կամ ի՞նչ եք սիրում եւ ատում:

Սիրում եմ լավ մարդկանց, ատում եմ դավաճաններին։

Ովքե՞ր են ձեզ դավաճանել:

Դավաճաններ եղել են, բայց Աստծո կողմից պատժվել են ու կպատժվեն։

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Ես շատ դժվար եմ հուսահատվում, հուսով եմ` չեմ էլ հուսահատվի, կյանքը չի ստիպի, որ հուսահատվեմ։

Ի՞նչն է ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Կյանքում լիքը բաներ կան, որ կարող են զարմացնել, շատ բաներ կան, որ զայրացնում են։ Ես ընդհանրապես շատ շուտ եմ զայրանում, հնարավոր է` նույնիսկ մի թեթեւ բանից:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Երջանիկ զգում եմ, որովհետեւ շատ լավ ընտանիք, երեխաներ եւ ընկերներ ունեմ, բոլորը ինձ սիրում եւ հարգում եմ։ Իմ երջանկությունը բաց քամու գույն է (ծիծաղում է-NEWS.am)։

Ֆոբիաներ:

Միայն իմ Աստծուց։

Հպարտությունը:

Իմ հպարտությունը իմ ապրած կյանքն է:

Ի՞նչ կփոխեիք ձեր ապրած կյանքի մեջ:

Առայժմ շատ ճիշտ եմ ապրել, հուսով եմ` չեմ էլ սխալվի, իմ հպարտությունը կավելանա։ Ապրում եմ այնպես, որ մեռնելուց հետո էլ ապրեմ։

Ինչպե՞ս է հաջողվում այդքան ինքնավստահ լինել։

Որովհետեւ աշխատում եմ չսխալվել թե կյանքում, թե աշխատանքում։ Գեները եւ մարզաձեւը  իմ մեջ մտցեւել են նման վստահություն։

Մեծամտություն, ինքնասիրահարվածություն ձեզ հատո՞ւկ է:

Մեծամիտ մարդկանցից  զզվում եմ։

Հոգսեր:

Պատգամավորի հոգսերը կրկնակի են, աշխատում եմ քչացնել դրանք իմ աշխատանքով։

Պարտականություններ:

Աշխատում եմ որեւէ պարտականություն չունենալ որեւէ մեկի նկատմամբ։

Անպատասխանատու արարք կամ հայտարարություն:

Չեմ արել եւ չեմ էլ անի։

Ի՞նչ երբեք չեք անի։

Այն, ինչ կստիպի իմ հպարտությունը ցածրացնել։

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասել եւ սպասեցրել։

Ձեզ ութ րոպե եմ սպասեցրել, իսկ եթե պետք է, մի ամբողջ կյանք կարող եմ սպասել իմ հարազատներին։

Մարզիչ-մանկավարժ եք, ըմբշամարտի հավաքականի անդամ եք եղել, հանրապետական մարզադպրոցի փոխտնօրեն, սպորտով զբաղվելը օգտագործե՞լ եք թաղային կռիվներում, ձեզ` որպես ուժեղ տղա, տարե՞լ են ուրիշների վրա կռիվ:

Չէ, ես արդեն 25 տարի է, կռիվներից հեռու եմ, խոսքերով եմ միայն պատժում,կարող եմ մի բան ասել, որ դա իր համար ծեծ է։

Իսկ մինչ 25 տարի՞ն:

Դպրոցական տարիներին եմ  միայն կռվել, իսկ դրանից հետո միայն ասում էինք, չէինք կռվում։ Իմ ուժը երբեք չեմ օգտագործել,իմ խելքն եմ օգտագործել, որ մարդկանց բացատրեմ, հասկացնեմ, ուժեղ մարդիկ ուժը չեն օգտագործում կռվի ժամանակ, այլ մրցումների։ Ես վստահ եմ եղել իմ վրա։

Իսկ ծեծվում էիք, թե ծեծում:

Փոքր ժամանակ այո, ծեծվել եմ, բայց հետո ծեծել ենք։

Ո՞րն է ձեր ամենաթանկարժեք իրը եւ ի՞նչ նյութական հարստություն կցանկանայիք ունենալ:

Կուզեի այնքան հնարավորություն ունենայի, որ իմ կողքի ընկերները իրենց լավ զգային, որովհետեւ ինչքան մեծ լինի իմ հնարավորությունները, ընկերներս կօգտվեն դրանից։ Նյութական մեծ հնարավորություն չունեմ։

Չիրականացած երազանք:

Ես չեմ մտածում երազանքների մասին, ապրւմ եմ ինչքան կարողանում լավ ձեռագիր թողնելու համար։ Մանկուց երազել եմ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց չստացվեց:

Մոլախաղերում ամենաշատը ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Կազինոներում չեմ խաղում, այցելել եմ Լաս Վեգասում եւ Մոնտե Կառլոյում, սիմվոլիկ մտել եմ, ման եկել, դուրս եկել, իմ մոտ ազարտը շատ է, որ սկսեմ խաղամ, կխաղամ։

Ծխախոտ, խմմիչք:

Կյանքում չեմ ծխել, խմիչքն էլ առիթից առիթ եմ օգտագործում, ոչ թե հարբելու աստիճան:

Կազինոների մասին պարզ դարձավ, իսկ գիշերային ակումբներ այցելե՞լ եք, մարմնավաճառներին ճանաչո՞ւմ եք:

Գիշերային ակումբներում ընդհանրապես չեմ հաճախել, արտերկրում այցելել եմ, մարմնավաճառներին դեմքով  չեմ ճանաչում, չեմ էլ տեսել ոչ մի անգամ:

Բայց ասում են` իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, լեւի չի գնում եւ գոյություն չունի: Ի՞նչ կասեք:

Հալալ է իրեն, մալադեց (ծիծաղում է-NEWS.am)։

Հայրական ապտակ ստացե՞լ եք, իսկ ձեր երեխաներին ապտակե՞լ եք:

Եղել է, բայց իմ երեխաներին առայժմ չեմ ապտակում, փոքր են:

Ի՞նչ վտանգներ եք հաղթահարել ձեր կյանքում, վախենո՞ւմ եք մահվանից:

Չեմ վախենում մահից, Աստված գիտի` երբ եմ մեռնելու, ինչ էլ անենք, դեմը չենք կարողանալու առնել: Իմ կյանքում վտանգները շատ շատ են եղել, ես հաղթահարել եմ, օրինակ՝ ամուսնանալը: Վախենում էի ամուսնությունից։ Բայց հիմա չեմ փոշմանել:

Ասում են` ամուսնությունը սպանում է սերը, դուք զգացել եք ձեր վրա:

Ամուսնությունը չի սպասնում սերը, կասեի` ընդհակառակը, ամուսնությունից հետո սերը երեւի ավելանում է։

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։

Ամեն ինչի, օրինակ՝ երկնքից աստղեր իջեցնել։

Խենթություններ սիրելիների համար։

Շատ բաներ եմ արել, չեմ հիշում։

Անցած սերեր:

Շատ եմ ունեցել, բոլորն էլ մեկը մեկից լավ էին։

Չէի՞ք ցանկանա Հայաստանում բազմակնություն լինել:

Ոչ, օրենքով չէ, բայց, միեւնույն է, այդպիսի բաներ լինում է:

Եթե բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:

Մեկ, կարծում եմ` տղամարդը պետք է հավատարիմ լինի իր ընտանիքիին։

Հայտնի կանանցից գեղեցկ ության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Քեթրին Զեթա-Ջոնս։

Ձեր ընտրյալը։

Իմ կինն է, մասնագիտությամբ երաժիշտ, առայժմ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ։

Ինչո՞ւ եք հենց նրանք ընտրել:

Զգացել եմ, որ կարող է լինել շատ սիրող կին եւ երեխաների լավ մայր։ Տարբերվում է բոլոր կանանցից եւ առավելություններով, եւ թերություններով։

Ընտանեկան վեճերը։

Որ իմ երեխաներին շատ սիրում եմ եւ չեմ ապտակում: Երեխեքս շատ չար են, երբ տունը չեմ լինում, կինս պետք է ամեն օրը` օրը 30 րոպե, լացի, ես սիրում եմ, որ երեխեքը չար են լինում, ես իրենց չարությունը նայելով` կարող է հանգստանամ, դրանից կնիկս ներվայնանում է, ես ուրախանում եմ։

Երե՞ս եք տալիս էլի երեխաներին:

Առայժմ այո, հիմա երեխեքին երես տալու ժամանակն է, երբ գա մի տարիք, որ զբաղվեմ դաստիարակությամբ, ես խիստ կզբաղվեմ դրանով, որ հասարակությանը պիտանի մարդիկ դառնան:

Բայց ասում են, որ երեխաներին մինչեւ ծնվելը պետք է դաստիարակել:

Ես այդպես չեմ կարծում, միեւնույն է, ինչպես էլ դաստիարակես ինքը իր երեխայությունը անելու է:

Երազ տեսա…

Երազ տեսնում եմ ու մոռանում:

Երկնքից երեք խնձոր է ընկնում…

Երեք հատը քիչ է։

ԲՀԿ խմբակցությունից Արմեն Ավետիսյանը ձեզ հարցնում է, թե ինչը կարող է ձեզ ստիպել հետ կանգնել կայացրած որոշումից:

Բարությունս։

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Կուզենա՞, որ Հայաստանում բազմակնության մասին օրենք ընդունեն։

Նշենք, որ 34-ամյա Բազմասեր Առաքելյանը ԱԺ-ում «նորաբնակներից է», մարզիչ-մանկավարժ է, 2011թ. ընդունվել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից  մրցանակակիր է, սպորտի վարպետ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական է եղել, ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ Եսայանի , Գարեգին Նուշիկյանի , Հովհաննես Սահակյանի , Արտակ Զաքարյանի , Կարինե Աճեմյանի , Արտակ Դավթյանի , Սամվել Ֆարմանյանի , Շիրակ Թորոսյանի , Հայկ Բաբուխանյանի , Սուքիաս Ավետիսյանի , Կարեն Ավագյանի , Էդուարդ Շարմազանովի , Տաճատ Վարդապետյանի , Սամվել Նիկոյանի  , ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի , Կարեն Բոթոյանի . ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի , Էլինար Վարդանյանի , Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի , Գուրգեն Արսենյանի , Վահան Բաբայանի , Արմեն Ավետիսյանի , ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի , Հրանտ Բագրատյանի,  Գագիկ Ջհանգիրյանի  «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի , Խաչատուր Քոքոբելյանի , Ալեքսանդր Արզումանյանի , ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի , Աղվան Վարդանյանի , անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ :

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ