News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

Կյանքի եւ մահվան հանդեպ ձեր վերաբերմունքը:

Սովորական մարդկային վերաբերմունք:

Ճակատագիր կա՞, թե՞ մենք ինքներս ենք որոշում ինչպես ապրել:

Ճիշտն ասած` երկուսն էլ կա, բայց մարդը ինքը որոշակիորեն կարողանում է տնօրինել  իր կյանքը:

Ձեր կարգախոսը:

Դիմացինի նկատմամբ ունենալ այն վերաբերմունքը, ինչ կուզենայիր, որ քո նկատմամբ ունենային:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես ես եմ, այնպիսին եմ, ինչպիսին կամ ու երեւում եմ:

Ո՞րն է ձեր ամենամեծ առավելությունը:

Ճիշտն ասած` իմ հետ շփվողները պետք է ասեն:

Իսկ թերությո՞ւնը:

Որ ամեն ինչի նկատմամբ շատ ուշադիր եմ:

Ձեր թուլություններից:

Բարությունը:

Հպարտությունը:

Իմ ընտանիքը:

Ուրախությունը:

Ամեն լավ բանի համար ուրախանում եմ:

Տխրությունը:

Բնական է, որ եթե լավ բանի համար ուրախանում ենք, վատ բանի համար էլ` տխրում ենք:

Հոգսեր:

Քանի կան չլուծված խնդիրներ, դա ինձ համար հոգս է:

Ի՞նչ երբեք չեք անի:

Վատություն մարդկանց:

Ինչո՞ւմ եք ամենաշատը մեղադրում ձեզ:

Ճիշտն ասած` երբ վերլուծում եմ անցածը, ոչ թե մեղադրում եմ, այլ փոշմանում եմ, որ շատ ու շատ բաներով ժամանակին լուրջ չեմ զբաղվել:

Օրինակ` հատկապես ինչի՞ համար եք ափսոսում:

Հատկապես ափսոսում եմ  օտար լեզուներ գիտենալու հետ կապված:

Ձեր կյանքի սխալներից:

Ճակատագրական սխալներ չկան:

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Երեխա  ունենալը, առավել եւս` տղա ունենալը եւ տուն կառուցելը, ինձ համար դրանից ավել լավ ու համարձակ քայլ չեմ պատկերացնում:

Լավագույն մարդը, անուն կնշեք:

Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց ընտանիքին, շրջապատին, համայնքի նկատմամբ ուշադիր եւ հոգատար լինել, լավագույն մարդն են: Անուն չեմ կարող նշել:

Հայաստանյան քաղաքական գործիչներից ո՞ւմ գործունեությամբ եք հիանում:

Անդրանիկ Մարգարյանի:

Ամենաշատը կյանքում ինչքա՞ն եք սպասել եւ ինչքան սպասեցրե՞լ:

Ճիշտն ասած` ես չեմ սիրում սպասեցնել  եւ ինքս էլ վատ եմ զգում, երբ ինձ են սպասում:

Ծխախոտ, խմիչք եւ մոլախաղեր:

Առաջինը եւ վերջինը իմ կյանքում չի եղել, իսկ երկրորդը` չափավոր` առիթից առիթ:

Քանի՞ անգամ, եք այցելել գիշերային ակումբ:

Նմանատիպ բաներ ոչ գնացել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ գնալու կամ հետաքրքրվելու:

Նույնիսկ երիտասարդ տարիներին չե՞ք այցելել:

Իմ երիտասարդ տարիներին գիշերային ակումբներ չեն եղել, եղել են  դիսկոտեկաներ, որտեղ հաճախել եմ:

Պարել սիրո՞ւմ եք, ի՞նչ  եք պարում:

Չեմ սիրում, բայց երիտասարդ տարիներին դիսկոտեկա հաճախելիս պետք է մերվես շրջապատի հետ եւ պարես:

Լավ, իսկ թաղային կռիվներին, աղջիկների համար մղվող ծեծերին մասնակցե՞լ եք եւ կապտուկներով տուն վերադարձե՞լ եք:

Ճիշտն ասած` երբեւիցե կապտուկներով ոչ տուն եմ վերադարձել, ոչ էլ կապտուկներ եմ ստացել, բայց պատանի ժամանակ տարբեր վեճեր եղել են:

Նյութական ամենամեծ հարստությունը, որ ունեք:

Ես նյութական հարստություն բառը չեմ սիրում, հաճելի է հոգեկան հարստությունը, նյութականը դա ընդամենը առեւտուր է:

Ձեր սիրտ տանող ճանապարհը ստամոքսո՞վ է:

Ես սեղանի լավ ընկեր եմ, դա վերաբերում է եւ կենացներին, եւ ուտելուն, եւ առիթներին:

Համաշխարհային հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Էլիզաբեթ Թեյլորը:

Ձեր կյանքի կանայք, անցած սերերը:

Անցած սերր հասկացություն չի եղել, նորմալ հարաբերություններ են եղել: Ես սիրել եմ իմ կնոջը եւ ամուսնացել:

Իսկ մինչ իրեն ուրիշ կանանց չե՞ք սիրել:

Դրանք զուտ եղել են պատանեկան փոխադարձ համակրանքներ:

Սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Հավատարիմ լինելը;

Սերը կյանքի լույսն է, իսկ ամուսնությունը` լույսի վարձը, համամի՞տ եք:’

Ընդհանրապես` այո:

Ընտանիքում ձեզնից դժգոհելու առիթները որո՞նք են, ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են ծավալվում:

Գործի բերումով անընդհատ դուրսն եմ, եթե լինում են, այդ թեմայով են լինում:

Ասում են` աշխարհը փոխում են խենթերը, դուք ի՞նչ խենթություններ եք արել:

Ճիշտն ասած` չեմ կարող ասել, թե իմ քայլերի մեջ ո՞րը կարելի է խենթություն բնութագրել:

Կախարդական փայտիկ ունենալու դեպքում ձեզ համար ի՞նչ կխնդրեիք:

Ես անձնապես կախարդական փայտիկի կարիք չունեմ, բայց եթե ունենայի, կցանկանայի, որ մեր հանրապետությունը ավելի լավ վիճակում գտնվի եւ մարդիկ ավելի բարեկեցեիկ կյանքով ապրեն:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` Հայկ Բաբոխւանյանը ձեզ հարցնում է` ինչ կա չկա:

Ամեն ինչ նորմալ է, ցանկալի է, որ ավելի լավ լինի հետագայում:

Իսկ դուք ի՞նչ կհարցնեք մեր շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ինչպե՞ս  է ձեր առողջությունը:

Նշենք, որ 53-ամյա Սուքիաս Ավետիսյանը մասնագիտությամբ Ճարտարագետ-շինարար է, այնուհետեւ ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան, պատգամավոր է ընտրվել դեռեւս 1995թ: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա Կարապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ Զաքարյանի , Կարինե ԱճեմյանիԱրտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի,  Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից`Արծվիկ Մինասյանի , Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ