News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հետ:

Մի քանի ճշմարտություններ ձեր մասին:

Կարգապահություն, աշխատասիրություն, նպատակասլացություն:

Ինչպիսի՞ն էիք մանուկ, պատանի եւ ուսանող ժամանակ: Հետաքրքիր դրվագ կպատմե՞ք:

Եղել եմ չարաճճի երեխա, շատ հետաքրքրասեր: Հետաքրքիր դրվագներ շատ կան, իհարկե, սակայն պատմելու դեպքում հարցազրույցը բլից չի ստացվի:

Ձեր ամենուժեղ եւ թույլ կողմը:

Ամենաուժեղ կողմը աշխատասիրությունս է, իհարկե թույլ կողմեր էլ ունեմ:              

Ամենաշատը ինչո՞ւմ եք ձեզ մեղադրում: Ինչի՞ համար եք զղջում:

Երբեք արածներիս համար ինձ չեմ մեղադրում, աշխատաում եմ ապրել այնպես, որ երբեք չզղջամ:

Ձեր կյանքի սխալները:

Անսխալ մարդ չկա, բայց բարեբախտաբար ճակատագրական սխալներ չեմ ունեցել:

Ամենահամարձակ քայլը կյանքում:

Ամենահամարձակ քայլն արել եմ 18 տարի առաջ, երբ սկսել եմ զբաղվել գյուղատնտեսությամբ: Այդ ժամանակ դա իրոք համարձակ քայլ էր:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Ամենամեծ հաղթանակը մինչ այժմ սիրածս  գործով զբաղվելն է: Իսկ պարտություններ չունեմ:

Ձեր նպատակներին հասնելու համար ո՞վ կամ ի՞նչն է ձեզ օգնել, հայկական միջավայրում խիստ տարածված «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին դիմե՞լ եք, թե՞ ոչ:

Բոլոր նպատակներիս հասել եմ ինքնուրույն եւ հպարտ եմ դրա համար:

Երբեւէ ձեր արածի կամ ասածի համար ամաչե՞լ եք:

Ոչ:

Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

Հավատում եմ Աստծուն:

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:

Հիասթափեցնողներ, ցավոք, եղել են, բայց եկեք չհիշենք նրանց:

Ի՞նչն է ձեզ հուսահատեցնում:

Երբեք պետք չէ հուսահատվել:

Հպարտությունը:

Ընտանիքս է` ծնողներս, կինս, երեխաներս:

Զարմանում եք, երբ…

Զարմանում եմ, երբ մարդիկ մտածում են մի բան, անում` ճիշտ հակառակը:

Զայրանում եք, երբ…

Զայրանում եմ, երբ փորձում են ինձ խաբել:

Տխրելու պատճառներ, ուրախանալու առիթներ:

Տխրում եւ ուրախանում եմ մյուս բոլոր մահկանացուների նման: Սակայն տխրելիս էլ պետք է հիշել, որ ուրախանալու առիթներ նույնպես կան:

Երջանկությունն ի՞նչ գույն ունի:

Սպեկտորի բոլոր գույները:

Թերթում եք ձեր հիշողությունների գիրքը, ամենալավ եւ վատ հիշողությունը ո՞րն է:

Ամենալավ հիշողություններս կապված են երեխաներիս լույս աշխարհ գալու հետ:  Վատ հիշողություններս աշխատում եմ չմտապահել:

Դուք ձեզնից գո՞հ եք, եթե ոչ, ապա՝ ինչու: Իսկ եթե այո՝ գոհ եք, ապա երբեւէ եղել է, որ դժգոհ մնաք ձեզնից եւ ի՞նչ առիթով էր:

Դժգոհելու պատճառ չունեմ, հատկապես երբ շրջապատս է գոհ ինձանից:

Մեր օրերի լավագույն հայ քաղաքական գործիչն ո՞վ է:

Ինչու եք ուզում նեղացնեմ ընկերներիս: Բայց եթե շատ եք կարեւորում այս հարցը` ապա Նաիրա Զոհրաբյանը:

Դուք առաջին անգամ եք ընտրվել պատգամավոր, եւ որպես նորեկ` չե՞ք բախվել բանակին բնորոշ «դեդավշինա» կոչվածին:

Ես ինձ «մոլոդոյների» շարքին չեմ դասում:  

Ո՞րն է ձեր վերջին կարդացած գիրքը:

Վերահսկիչ պալատի 2011թ.-ի հաշվետվությունը:

Ձեր մասին ամենանհեթեթ սուտը, բամբասանքը:

Աշխատում եմ ուշադրությունս չկենտրոնացնել նման երեւույթների վրա: Ավելի կարեւոր բաներ կան:

Ի՞նչ խենթություններ եք արել հանուն սիրո կամ սիրելիի:

Սպիտակ ձի եմ հեծնել, որից ընկել եմ:

Վատագույն սովորությունը: Սիրելի եւ չսիրելի գործեր:

Ծխելը: Չսիրելի գործերով աշխատում եմ չզբաղվել:

Հայտնի կանանցից ո՞ւմ հետ չէիք հրաժարվի հանդիպել:

Շատերի:

Անցած սերեր:

Բնականաբար եղել են:

Ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Ավանդական ձեւից ավելի լավը դեռ չեմ հանդիպել:

Ձեր ընտրյալը:

Իմ ընտրյալը իմ կինն է, իսկական հայուհի:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

Ընտանեկան վեճեր չեն լինում, լինում են առօրյա քննարկումներ:

Ձեր երեխաների դաստիարակությամբ ինչքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրանց, փորձո՞ւմ եք օգտագործել ձեր դիրքը եւ նրանց համար հաջողություններ ապահովել կյանքում:

Երբեք չեմ ապտակել: Երեխաներիս դաստիարակում եմ իմ սեփական օրինակով:

Վերջին թարմ անեկդոտը, ցանկալի է հարս-սկեսուր, փեսա-զոքանչ արյունռուշտ հարաբերությունների մասին:

Զոքանչը հյուր է գնում աղջկա տուն: Փեսան հարցնում է. «Զոքանչ ջան, երկար ժամանակով ես եկել»,  վերջինս պատասխանում է. «Մինչեւ ձեզ ձանձրացնեմ»: Փեսան էլ ասում է. «Դե ասա մի բաժակ սուրճ էլ չենք հասցնի խմել»:

Խաղադրույքներից մինչեւ կազինոներ, ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Երբեք չեմ այցելել:

Արմեն Ավետիսյանը` խոհանոցում, ի՞նչ կարող եք պատրաստել եւ ի՞նչ եք սիրում ուտել: Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է:

Պատրաստել կարող եմ գրեթե ամեն ինչ, սակայն այդ նպատակով խոհանոցում չեմ լինում: Իսկ դեպի սիրտս տանող ճանապարհներից մեկն էլ անցնում է ստամոքսով:

Որպես կյանքում մի հերոս, ձեզ կինն ու գինին փրկո՞ւմ են, թե՞ կործանում:

Ոչ փրկում են, ոչ կործանում: Պետք է խոստովանել, սակայն, որ նրանք հերոսի կյանքի անբաժան ուղեկիցներն են:

Ինչքա՞ն փող կամ նյութական ի՞նչ կցանկանայիք ունենալ, որ չունեք՝ մեքենա, առանձնատուն...

Փողը պետք է լինի այնքան, որ մարդուն բարեկեցիկ կյանքով ապահովի, բայց չեմ ընդունում, երբ փողը դարձնում են կյանքի նպատակ:

Երբեւէ ասել կամ մտածել եք կանգ առ ակնթարթ, ինչ չքնաղ ես դու:

Այո, բազմիցս:

Երազ տեսա…

Հաճախ երազումս տեսնում եմ իմ հարազատ Մեդովկա գյուղը` իր նախկին ռուս բնակիչներով: Հիանալի ժամանակներ էին…

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ խմբակցությունից Վահան Բաբայանը ձեզ հարցնում է, թե  ինչի՞ց եք վախենում ամենից շատ:

Կայծակից:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:

Ինչը կարող է Ձեզ ստիպել հետ կանգնել կայացրած որոշումից:

Նշենք, որ Արմեն Ավետիսյանը ԱԺ-ում նորաբնակներից է, մասնագիտությամբ անասնաբույծ-ճարտարագետ է, աշխատել է որպես գլխավոր անասնաբույժ, Մեդովկա համայնքի  գյուղապետի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ