News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների» հետ շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ «Օրինաց երկիր»  խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

Ինչպիսի՞ն ենք դուք` որպես մարդ, մայր, կին, հարեւան, ընկերուհի: Ամեն մեկի դեպքում նշել մեկ հատկանիշ:

Որպես մարդ հումանիստ եմ, որպես մայր` հոգատար, որպես կին` սիրող, որպես հարեւան`շփվող եւ որպես ընկերուհի`բնականաբար ընկերասեր:

Ո՞րն է ձեր առաքելությունը կյանքում, կամ այսպես ասած` ի՞նչ եք տանելու ձեզ հետ այս կյանքից  եւ ի՞նչ եք թողնելու ձեզնից  հետո:

Այս կյանքում իմ ամենակարեւոր առաքելությունն իմ զավակների գոյությունն է, եւ ինձանից հետո թողած աշխատանքը, որքան, որ ես կհասցնեմ: Իսկ այս կյանքից տանելու եմ այն, ինչ տանում են բոլորը, խոստանում եմ ավել ոչինչ չեմ տանելու:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին հոգեկան աշխարհում:

Յուրաքանչյուր մարդու բնությունից է տրվում թե արտաքինը եւ թե ներաշխարհը: Պարզապես ժամանակի ընթացքում մենք դրանք փոփոխում,  համապատասխանացնում ենք ժամանակի պահանջներին:

Որո՞նք են ձեր խոցելի կողմերը:

Իմ խոցելի կողմերից է նախ եւ առաջ իմ խիղճը, սիրելը, հավատալը եւ վստահելը, որպես մեկ ամբողջական արժեհամակարգ հաճախ չարաշահվում է:

Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Շարունակել ապրել առանց ծնողներիս եւ հաշտվել նրանց գոյությամբ երկնային կյանքում:

Ի՞նչ  չեք ներում ձեզ: Եւ հետաքրքիր է իմանալ նաեւ, թե ինչ երբեք չեք անի:

Չեմ ներում, որ մորս նման բազմազավակ մայր չեմ: Երբեք չեմ փորձի թռչել, քանի որ դրա համար չեմ ծնվել:

Մենախոսություն ձեր եւ ձեր միջեւ

Այո, միշտ տեղի է ունենում: Ինքս ինձ ասում եմ. բավական չէ ներդաշնակ լինես խղճիդ հետ:

Անկեղծ ասած...

Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ թոռնիկ ունենալու:

Զարմանում եք...

Զարմանում եմ, երբ հրաշքներ են տեղի ունենում, իսկ հրաշքներ լինում են:

Զայրանում եք...

Զայրանում եմ, երբ մարդիկ գիտեն, որ ես գիտեմ ճշմարտությունը, բայց ինձ փորձում են խաբել:

Հոգնում եք...

Հոգնում եմ թացը չորից զատելու հաճախ դժվարագույն գործից:

Ուրախանում եւ տխրում եք...

Ինձ ամենաշատը ուրախացնում են հարսանիքները, իսկ տխրում եմ, երբ մարդիկ հեռանում են երկրից:

Հուսահատվում եւ հիասթափվում եք...

Հուսահատությունն ու հիասթափությունը թույլ մարդկանց է բնորոշ:

Ո՞վ կամ ի՞նչն է ձեր մուսան կամ ներշնչանքի աղբյուրը:

Լավ ու բարի գործերը ավարտին հասցնելու մեծ ցանկությունն ու մղումը, տրամադրությունը, որը բխում է հենց այդ լավ ու բարի գործերից:

Ի՞նչ բարդույթներից եք ազատվել եւ այժմ ի՞նչ բարդույթներ ունեք, օրինակ`  լողափ գնալիս լողազգեստ հագնում եք:

Այն ինչ քաղաքակիրթ ու բանական է` ինձ մոտ բարդույթներ չեն առաջացնում:

Ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը: Օրինակ` դուք ինչպե՞ս եք սեր խոստովանել:

Առանց խոսքերի:

Հայաստանյան քաղաքական գործիչներից ո՞ւմ գործունեությամբ եք հիանում:

Ում գաղափարակիցն ու զինակիցն եմ, ու հավատում ու վստահում եմ այսօր:

Մինչ ամուսնանալը շա՞տ երկրպագուներ եք ունեցել եւ ի՞նչ խենթություններ են արել նրանք ձեզ համար:

Երկրպագուներ միշտ եղել են, խենթություններ նույնպես, բայց կարեւորը նա է, ում տալիս է քեզ ճակատագիրը:

Ո՞վ է ձեր տղամարդը եւ ինչո՞ւ եք հենց նրան ընտրել:

Ամուսնուս ընտրել եմ իր բազմաթիվ անհրաժեշտ հատկանիշների համար, որոնք կարող է իր մեջ կրել տղամարդը` սիրող, հոգատար, մեծահոգի, աշխատասեր, նպատակասլաց եւ այլն:

Թեւավոր խոսքն ասում է` իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, չի վիճում, «լեւի» չի գնում եւ պարզապես գոյություն չունի: Ըստ ձեզ` ով է իսկական տղամարդը

Իսկական տղամարդը նա է, ով սիրում է իր կնոջն ու երեխաներին, սիրում եւ ծառայում է իր հայրենիքին, ում համար ընտանիքն ու հայրենիքը բարձրագույն արժեքներ են:

Քաղաքականությամբ զբաղվելու պատճառով ընտանիքում ի՞նչ վեճեր են առաջացել եւ ինչպե՞ս են դրանք հարթվում:

Վեճերի չի հասել, բայց լուռ դժգոհություն եղել է, բայց ես միշտ ունեմ իմ ընտանիքի, առավել եւս իմ ամուսնու աջակցությունը, ով մտածում է, եթե կինը ուզում է ինչ որ գործով զբաղվել, ապա նրան պետք է օգնել, այլ ոչ թե խանգարել:

Դուք խանդո՞տ կին  եք, իսկ ձեր ամուսինը ձեզ խանդո՞ւմ է:

Իմ համոզմամբ խանդը անվստահության բարդույթ է, իսկ ես ու ամուսինս իրար վստահում ենք: Խանդը նաեւ սիրո անխուսափելի հետեւանքներից է, որով ցանկալի չէ առաջնորդվել:

Տնից դուրս գալուց առաջ ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում հայելու առջեւ:

Ոչ շատ երկար, այնքան ինչքան անհրաժեշտ է պատշաճ տեսք ունենալու համար:

Ասում են` կնոջ պայուսակի պարունակությունը պատմում է նրա մասին: Կխնդրեի հենց այս պահին նայեիք ձեր պայուսակը եւ թվարկեիք, թե ինչ կա այնտեղ:

Պայուսակիս մեջ կա փոքրիկ պայուսակ, որտեղ կան դիմահարդարման անհրաժեշտ պարագաներ, ակնոց, գրիչ ու թուղթ, թաշկինակ, ինֆորմացիայի կրիչ, բանալիներ, դրամապանակ...... մի խոսքով ազատ անկյուն չկա:

Աշխարհահռչակ գեղեցիկ տղամարդկանցից ո՞ւմ ընթրիքի հրավերը չէիք մերժի:

Ամուսնուս, ով դեռ աշխարահռչակ չէ:

Ձեր իմիջով որեւէ մեկը զբաղվո՞ւմ  է, ունե՞ք նախընտրելի բրենդներ, որոնց հագուստը եւ աքսեսուարները գնում եք:

Իհարկե ունեմ նախընտրելի բրենդներ, իսկ իմ իմիջով ես եմ զբաղվում:

Օրինակ` ամսական ինչքան գումար եք ծախսում ձեր արտաքին տեսքի վրա:

Ծախսում եմ այնքան, որ կարողանամ այլ անհրաժեշտ ծախսեր եւս կատարել:

Հարեւանների կամ ընկերուհիների հետ վերջին անգամ  ե՞րբ եք հավաքվել, բամբասել, սուրճ խմել եւ սուրճի գավաթ նայել:

Հարեւաններս հրաշալի մարդիկ են: Միասին հաճախ չէ, որ հասցնում ենք սուրճ խմել: Բամբասել չեմ սիրում: Ընկերուհիներիս հետ հաճախ սուրճ խմում եմ: Սուրճ խմել սիրում եմ, բայց սուրճի գավաթ նայելուց էլ շատ հեռու եմ:

Ասում են`  կանանց մեջ անկեղծ ընկերություն չկա, երբեւէ զգացե՞լ եք, որ ձեզ նախանձեն եւ ինչի՞ համար:

Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ իսկապես անկեղծ ընկերություն ենք անում: Իսկ նախանձ ու չկամ մարդիկ միշտ էլ կան: Դա օրինաչափ է: Ինչպես ասում են` «Եթե դու թշնամիներ չունես, նշանակում է դու բնավորություն չունես»:

Քաղաքականության մեջ շատերը ձեզ համարում են խստաբարո կին, իսկ հետաքրքիր է` ինչպիսի սկեսուր կլինեք ձեր հարսի համար:

Իմ երեխաներն իմ թուլությունն են, իսկ փեսայիս կամ ապագա հարսիս համարում եւ համարելու եմ իմ նոր երեխաները ու նրանք նույն սիրուն են արժանանալու: Նրանցով իմ գանձարանն ավելանում է:

Որքանո՞վ եք միջամտում ձեր երեխաների անձնական կյանքին, օրինակ` նրանց մասնագիտության, կյանքի ընկեր ընտրելու հարցերում:

Երբեք նրանց չեմ պարտադրել իմ կարծիքը կամ ցանկությունը, բայց նաեւ երբեք չեմ դադարել որպես մայր խորհուրդներ տալ ու ճիշտ ճանապարհը ցույց տալ:

Կնոջ զանազան զենքերից  որոնք եք հաճախակի կիրառում` գեղեցկություն, արցունքներ եւ այլն:

Գեղեցկությունը կիրառման կարճ ճանապարհ է, իսկ արցունքներն էլ ինձ չեն հարցնում, երբ կարոտած եմ, երբ հուզված եմ, երբ ինչ որ բանի համար ցավում եմ:

Ձեր կյանքի ամենառոմանտիկ հիշողությունը:

Ամենառոմանտիկ հիշողությունս  բնականաբար կապված է իմ ամուսնության հետ եւ այն երկար ժամանակահատվածի հետ, երբ ամուսինս ինձ ամեն կիրակի ծաղիկներ էր նվիրում:

Ինչպիսի՞ն է Հեղինե Բիշարյանը խոհանոցում, ինչ  չե՞ք կարողանում պատրաստել եւ ի՞նչ եք լավ պատրաստում:

Սիրում եմ խոհանոցը եւ այնտեղ ինձ շատ լավ եմ զգում:Ես ինչ պատրաստում եմ, լավ եմ պատրաստում, որովհետեւ սիրով եմ պատրաստում, իսկ չկարողանալու մասին չեմ մտածում, որովհետեւ խոհանոցը կարողանում եմ թագավորել:

Ասում են` երջանիկ կյանք չի լինում, լինում են երջանիկ օրեր: Ձեր կյանքի երջանիկ օրերը:

Դրանք այն օրերն են երբ լույս աշխարհ եկան իմ երեխաները եւ նրանց հետ կապված ամեն մի հաջողություն սկսած նրանց առաջին քայլից, առաջին բառից եւ այդպես շարունակ մինչեւ այսօր: Իսկ ինչ վերաբերում է կյանքում երջանիկ լինելուն, ապա Պուբլիլիոս Սիրոսն ասում էր. «նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ- որ մեկին,  այլ նա, ով իրեն զգում է այդպիսին»:

Եթե իմանայիք կամ եթե իմանային...

Եթե իմանաիք թե Ձեզ որքան եմ կարոտել իմ սիրելի ծնողներ եւ եթե իմանային, թե նրանց կարիքը  ես որքան ունեմ:

Երկնքից երեք խնձոր է ընկնում...

Մեկը, հարցեր պատրաստողին, մեկը հարցերին պատասխանողին, մեկն էլ հարցազրույցը կարդացողին:

Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ խմբակցությունից Տաճատ Վարդապետյանը ձեզ հարցնում է, թե ինչպես եք ծառայում ժողովրդին որպես ԱԺ պատգամավոր եւ արդյոք տեսնում եք ձեր աշխատանքում թերություններ:

Ընդհանրապես ցանկացած աշխատանքում կարող են թերություններ լինել, սակայն իմ աշխատանքում ես միշտ ձգտում եմ, որ դրանք հնարավորինս քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն: Թե ինչպես եմ ծառայում ժողովրդին, պետք է ժողովուրդը գնահատական տա, համենայնդեպս արդեն երրորդ անգամ եմ ընտրվում Ազդային ժողովի պատգամավոր եւ պատգամավորի մանդատը ինձ համար միջոց ու պատասխանատվություն է բարեխղճորեն ծառայելու ազգիս ու հայրենիքիս:

Այժմ ձեր հարցը մեր շարքին մասնակցող մյուս պատգամավորին:

Ի՞նչ դեր եւ նշանակություն ունի հավատը Ձեր կյանքում:

Նշենք, որ Հեղինե Բիշարյանը Աժ-ում հնաբնակներից է: Աշխատել է  Երեւանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ, ուսուցիչ, մանկավարժ եւ այլն: Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում, մանկավարժական գիտությունների թեկնածու:է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար Վարդանյանի , Վահե Էնֆիաջյանի ,  Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանիհետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ