News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր ներթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:

Իբրեւ սկիզբ...

Ես կասեմ, որ նստած եմ  Տնտեսագիտական համալսարանում եւ աշխատում եմ:

Հայելի կա մոտակայքում, մոտեցեք, նայեք հայելու մեջ եւ բնութագրեք ձեզ:

Հիմա մոտենամ: Ուրեմն, ես, փաստորեն, բավականին բաց արտաքինով, բաց մաշկով, կապույտ  աչքերով բավականին համակրելի անձնավորություն եմ, ոչ նիհար, ոչ շատ չաղ:

Մի խոսքով` ձեզ հավանո՞ւմ եք:

Այո, ես ինձ հավանում եմ:

Լավ, կներկայացնե՞ք ձեր հոգեկան աշխարհը:

Բավականին էմոցիոնալ, բայց նաեւ զգաստ, շատ իրեն կառավարող, գնահատող եւ մտածված:

Ավելի շատ հիանում եք ձեր արտաքինո՞վ, թե՞ ներքին հոգեւոր աշխարհով` ելնելով այն հանգամանքից, որ մեծ գոհունակությամբ էիք խոսում ձեր արտաքինի մասին` կապուտաչյա եւ այլն:

Ոչ, բնականաբար ներքինով, ժամանակի ընթացքում արտաքինը դառնում է սովորական, իսկ ներքինով դու անընդհատ բարեփոխվում ես, արտաքինի մեջ փոփոխություններ չես կարող անել:

Ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր մեջ:

Արտաքինի մեջ որեւէ բան չեմ ուզում փոխել, ամեն ինչ նորմալ է, իսկ ներքինի մեջ կցանկանայի ավելի զգուշավոր, սառնասիրտ լինեի:

Ասում են` կապուտաչյա մարդիկ վտանգավոր են, տղամարդիկ` առավել եւս:

Ոչ, համաձայն չեմ, բացարձակ վտանգավոր չեն, հակառակը` միգուցե ավելի ուղղամիտ են, փիլիսոփայական բան են պարտադրում:

Որո՞նք են ձեր խոցելի կողմերը:

Կարող է մի փոքր ավելի դյուրագրգիռ լինեմ, շուտ արձագանքեմ ամեն ինչի, փոխանակ սպասելուն եւ սառը պատասխանելուն, թեեւ տարիքի հետ դրանք շտկվում են:

Ի՞նչ մեղքերի համար եք դատապարտվելու:

Չեմ կարծում, թե որեւէ մեղքի համար կարող եմ դատապարտվել:

Մեղքեր չե՞ք գործել:

Կարծում եմ` ոչ:

Իսկ ի՞նչ սխալներ եք գործել:

Սխալներ չասենք, բայց եթե ժամանակը հետ տայինք, ապա երիտասարդ տարիքում ավելի ռիսկային քայլեր կարելի էր անել, խոսքը վերաբերում է 90-ականներին

Ձեր կյանքի ամենաուրախ եւ տխուր օրը:

Իմ կնոջ հետ հանդիպման օրը ամենաուրախն էր, իսկ տխուր օրերից մեկը երկրաշարժի օրն էր:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Իմ երեխաներն են, ինչպես նաեւ այն, որ դարձել եմ տնտեսագիտության դոկտոր,դա ինձ համար մեծ արժեք է, իսկ պարտությունը ժամանակավոր բաներ են եղել, օրինակ` երբ ինչ-որ խնդիր ես դնում, դա այդ պահին չի լուծվում, քեզ թվում է, թե պարտություն է, բայց կյանքը հետո ցույց է տալիս, որ ոչ: Օրինակ` երբ փոխնախարար էի, դուրս եկա եւ զբաղվում էի բիզնեսով, դուրս գալուց հետո մտածում էի, թե ինչ-որ մի բան կորցրեցի, բայց հետո կյանքը ցույց տվեց, որ ոչ, շատ ճիշտ էր այդ պահին դուրս գալը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Երբեւիցե չեմ ամաչել:

Ինչպե՞ս եք որոշում` ինչ անել եւ չանել, ինչ ասել եւ չասել:

Մտերիմների հետ որեւէ խնդիր չկա, իսկ ընդհանուր դաշտում պետք է քո քաշից ավելի քայլեր չանես, որ չդառնաս ինչ-որ բանի առարկա: Մարդը միշտ պետք է պատրաստ լինի, իսկ դրա համար պետք է ունենաս գիտելիք եւ փորձ: Հաղթանակները անպայման հիմնված են պատրաստ լինելու վրա եւ կյանքի դպրոցում, եւ մասնագիտության մեջ:

Սիրո՞ւմ եք:

Այո:

Լռո՞ւմ եք:

Չեմ լռում:

Իսկ որ չեք լռում, հետո վատ չի՞ լինում:

Չէ, որ չեմ լռում, հաղթող եմ լինում:

Խղճո՞ւմ եք:

Այո, խղճում եմ անհաջողակներին:

Զղջո՞ւմ եք:

Ոչ:

Հիասթափվո՞ւմ եք:

Ավելի քիչ:

Հուզվո՞ւմ եք:

Այո, տարբեր պատմություններից, մարդկանց վիճակներից, մեր շրջապատում հուզվելու շատ բան կա:

Ատո՞ւմ եք:

Ոչ:

Ստո՞ւմ եք:

Ոչ, երբեք:

Ասում եք` չեք ստում, այդ դեպքում, երբ ձեր կինը ձեզ հարցնում է` որտեղ էիք, չե՞ք ասում` ընկերներիս հետ:

Ես դա համարում եմ շատ ավանդական եւ ոչ հետաքրքիր, դա նախկինում է եղել, վերջին տարիներին չի եղել:

Հավատո՞ւմ եք:

Այո, Աստծուն եւ իմ հարազատներին:

Ուզո՞ւմ եք:

Այո, ուզում եմ բավարարվածության բարձր մակարդակ տարբեր առումներով:

Դժգոհո՞ւմ եք:

Առանձնապես ոչ:

Գովերգո՞ւմ եք:

Այո, իմ երեխաներին եմ գովերգում, իմ ուսանողներին, գործընկերներին:

Նախանձո՞ւմ եք:

Միանշանակ` ոչ:

Ինչքա՞ն եք սպասել եւ սպասեցրել կյանքում:

Շատ չեմ սպասեցրել, եղել է, որ սպասել եմ:

Այս հարցազրույցի շրջանակներում ի՞նչ բացահայտում կանեք ձեր մասին:

Ես պատգամավոր եմ, նաեւ իմ հայրենիքը սիրող մարդ եմ, նաեւ իմ արմատներով ղարաբաղցի եմ: Ես սիրում եմ իմ ընդհանուր հայրենիքը, չեմ առանձնացնում, իմ արմատներից չեմ կտրվում, սիրել հայրենիքը` նշանակում է լինել լավ քաղաքացի:

Պարոն Մելքումյան, ղարաբաղացի լինելը առավելությո՞ւն է, թե՞ թերություն, գուցե առանձնահատկությո՞ւն:

Չէ, ոչ մի բան էլ չէ, ղարաբաղցի լինելը հենց ղարաբաղցի լինել է, դա չի բացահայտվում: (ծիծաղում է-NEWS.am)

Կյանքում ղարաբաղցի լինելու հանգամանքը չի ՞նպաստել հաջողությունների կրկնապատկելուն:

Ոչ ավելի շատ, կարող էին խոչընդոտներ լինեին:

Ի՞նչ ֆոբիաներ եւ բարդույթներ ունեք:

Ոչ մի ֆոբիա չունեմ: Կոմպլեքսներ չէի ասի, բայց սիրում եմ լրջություն, չեմ սիրում, երբ հասուն մարդը հետամնաց եւ անլուրջ կեցվածք է ունենում, չեմ ընդունում:

Ձեզ գրքի կամ ֆիլմի որեւէ հերսոի նմանացրե՞լ եք:

Ես ռուսական կինոյի սիրահար եմ, սիրում եմ  Միխայիլ Ուլյանով, Կիրիլ Լավրով, ժամանակակից` Պավլոեւ, արտասահմանյան հերսոներից իմ ամենասիրած դերասանը Հարիսոն Ֆորդն է:Արտաքինով ինձ շատ նման է Պավլոեւը:

Դեռեւս կան տղամարդիկ, ովքեր հպարտությամբ հայտարարում են,թե գիշերային ակումբ, խաղատուն չեն այցելել,չեն ծխում, չեն խմում,դուք այդ տղամարդկանց շարքի՞ն եք դասվում:

Ես գիշերային ակումբ չեմ գնում, խաղամոլությամբ չեմ զբաղվում, մեկ-մեկ սիրում եմ լավ սիգարներ ծխել, խմիչքի սիրահար չեմ, բայց մեկ-մեկ սիրում  եմ խմել:

Խաղատուն ընդհանրապես չե՞ք այցելել:

Այցելել եմ դրսում, չեմ պարտվել, միայն հաղթել եմ տարբեր գումարներ:

Ինչքա՞ն հարստություն կցանկանայիք ունենալ:

Ինչքան որ կա, գոհ եմ, բավարար է:

Մի մեքենայի ապակու վրա տեսա հայտարարություն`«Մեքենան վաճառվում է կամ փոխանակվում ռուս աղջկա հետ»: Հայ տղամարդկանց համար ռուս աղջիկները կամ ուկրաինուհիները «գիշերվա լավ երազ են», իսկ դուք նրանց հավանու՞մ եք, առհասարակ` ձեզ շիկահա՞ր, թե՞ սեւահեր կանայք են դուր գալիս:

Ես շատ երկրներում եմ եղել, մեր հայ աղջիկները ամենագեղեցիկն են:

Առաջին սիրո խոստովանությունը:

Եղել է դպրոցում եւ ճիշտն ասած` այդքան բառերով չի եղել, ինչքան վերաբերմունքով:

Հայտնի կանանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել գոնե մեկ օրով:

Բացարձակ ոչ մեկի հետ չէի ցանկանա հանդիպել ոչ մի օրով, ոչ մի ժամով:

Ինչո՞ւ, միակ պատգամավորն էիք, որ այսպես պատասխանեցիք:

Որ հանդիպեմ, ի՞նչ պետք է անեմ: Քանի որ չգիտեմ` ինչ եմ անելու եւ այդ հայտնի կինն էլ չգիտի` ինչ պիտի անենք, ուրեմն` պետք չէ: Երբ պարզենք, որ այդ հայտնի կինը ցանկանում է ինձ հետ հանդիպել, կպարզենք, թե չէ հիմա ոչ իրական երեւույթ է:

Անցած սերեր:

Եղել են, տարաբնույթ էին, համարժեք էին այս պահին իմ զարգացման մակարդակին եւ ընկալմանը:

Ձեր ընտրյալը:

Գեղեցիկ անձնավորություն է եւ արտաքինով, եւ բնույթով, իսկական ընկեր:

Ինչպե՞ս հանդիպեցիք նրան, քայլում էիք միջանցքով գրքերը նրա ձեռքից ընկան, կռացաք որ օգնեք, հայացքները իրար հանդիպեցին...

Շատ պատահական, պետական համալսարանում, դասախոս էր աշխատում, ինքը անցնում էր, ես որ տեսա, հավանեցի, ժպտացի, ինքն էլ արձագանքեց եւ այդպես: Խոսեցինք, ես, ճիշտն ասած, համար վերցրեցի, այդ համարը սխալ գրանցեցի, զանգ էի տալիս, այդ համարը անհասանելի էր, հանդիպելուց մեկ ամիս հետո չի հաջողվել հանդիպել, հետո ենք հանդիպել:

Կպատմեք ձեր երեխաների մասին:

Ես ունեմ երկու դուստր, մեկը սովորում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրա 1-ին կուրսում, կարմիր դիպլոմով է ավարտել բակալավրը, բավական խելացի, կայացած անձնավորություն, ես բացարձակ չեմ միջամտում, ինքը ինքնուրույն անձնավորություն է: Փոքրս 5 տարեկան է, մյուս տարվանից դպրոց կգնա, նա էլ շատ ընդունակ:

Չե՞ք միջամտում քննություն ստանալիս:

Բացարձակ, նույնիսկ չեն էլ իմացել, որ իմ աղջիկն է, հետո են իմացել:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են առաջանում:

Համարյա չեն լինում, բայց եթե լինում են, կապված են ավելի շատ անելու խնդրի հետ, ինչ կարող էինք անել, որ միասին այս հարցը լուծեինք: Ես իմ տիկնոջ հետ նույն շահերի դաշտում ենք եւ հասցնում ենք միասին շատ բաներ անել:

Ձեր կյանքի հեքիաթը, ի՞նչ դեր ունեք այնտեղ:

Ես մոդեռատոր եմ, բախշում եմ երկնքից ընկած երեք խնձորները:

Ինքներդ ձեզ ի՞նչ կհարցնեիք:

Ես համարում եմ, որ իմ ուղեղը անընդհատ աշխատում է  եւ ինձ հետաքրքիր է իմանալ, թե երբ ենք մենք կանգ առնելու այս վազքից, բայցայդ հարցի պատասխանը ես չունեմ:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Բազմասեր Առաքելյանը ձեզ հարցնում է, թե կցանկանայիք Հայաստանում բազմակնության մասին օրենք ընդունվեր:

Ես չէի ցանկանա, որ այդպիսի օրենք լիներ, օրենքների փոխարեն կարելի է ենթաօրենսդրական ակտերով դա անել: Ես կողմ եմ, որ Կառավարության որոշմամբ լինի բազմակնությունը, այնպես որ օրենքը պարտադիր չէ:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչ փոխեց ձեր կյանքում պատգամավորի կարգավիճակ ստանալը:

Նշենք, որ Միքայել Մելքումյանը ԱԺ-ում «նորաբնակներից է», մանսագիտությամբ տնտեսագետ է, եղել է Փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար, աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից` Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ