News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային աշխատանքների պատճառով վերջին մի քանի օրերին Երեւանի տարբեր թաղամասեր հոսանքազրկվում են։ Ընկերության կողմից Երեւան քաղաքում 12 եւ հանրապետության տարածքում 5 (Աբովյանի, Էջմիածնի, Արմավիրի, Ապարանի եւ Սոթքի) 110 կվտ հզորությամբ ենթակայանների վերակառուցման աշխատանքներ են ընթանում։  38 մլն դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվում է Միջազգային համագործակցության ճապոնական գրասենյակի ֆինանսավորմամբ։

Այս պահի դրությամբ 17 ենթակայաններից վերանորոգվել է  12-ը։ Ենթակայաններում փոխարինվում են բոլոր սարքավորումները՝ բացառությամբ ուժային տրանսֆորմատորների։ Աշխատանքներն անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից դրդված՝ տվյալ հատվածները հոսանքազրկվում են, ինչը անհանգստություն է պատճառում սպառողներին։  NEWS.am-ին երեկ ՀԷՑ-ից տեղեկացրին, որ սպառողներին, որպես կանոն, հեռուստատեսությամբ նախապես տեղեկացվում է սպասվող անջատումների մասին։  Իսկ արդյո՞ք փոհատուցում ստանում են այն սպառողները, ովքեր հոսանքի անջատման պատճառով վնասներ են կրում, քանի որ իրենց գործունեությունը կախված է հոսանքից։  

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Լեոնիդ Բաբայանը  NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց. «Կան սպառողների հետ կնքված համապատասխան  պայմանագրեր, որոնցում նշվում է, որ պլանային աշխատանքների պատճառով կատարվող հոսանքազրկումների դեպքում մեր ընկերությունը փոխհատուցում չի իրականացնում։ Իսկ եթե որեւէ բաժանորդ, ասենք՝ հիմնարկություն, գործարան եւ այլն, ցանկութուն ունի ունենալ երկրորդ սնուցումն այլ ենթակայանից՝ իր աշխատանքի հուսալիությունն ապահովելու համար, ապա իր ցանկությամբ կատարում է ֆինանսական ներդրումներ եւ ունենում է երկրորդ սնուցումը»։  NEWS.am-ին հետաքրքրում էր նաեւ, թե մինչեւ այժմ քանի՞ բաժանորդի է փոխհատուցել ՓԲԸ-ն։ ՓԲԸ-ի Էկոնոմիկայի եւ պլանավորման դեպարտամենտից Արման Մնացականյանն ասաց, որ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից սահմանված կանոններով՝

եթե անջատումները ավելի չեն, քան երկու ժամ, ՓԲԸ-ն դրա համար փոխհատուցում չի վճարում։ Իսկ եթե սպառողները վնասներ են կրում հոսանքի հետ վթարների պատճառով, կամ հոսանքի տատանման պատճառով այդ դեպքում ընկերությունը փոխհատուցում է։ «Եթե մեր բաժանորդների սարքավորումները փչանում են, մենք մեր միջոցներով վերանորոգում ենք դրանք, իսկ եթե հնարավոր չի լինում վերանորոգել՝ վճարում ենք սարքի արժեքը»։ 

Մնացականյանն ասաց, որ եթե որեւէ բաժանորդ վնաս է կրել, ապա նա դիմում է սպասարկող տեղամաս կամ ցանց։  «Մեր դիսպետչերական կետերում գրանցվում են հոսանքի բոլոր տատանումները։ Եթե հոսանքի տատանումը համընկնում է այն ժամի հետ, երբ խափանվել է բաժանորդին պատկանող սարքի աշխատանքը, այն ուղարկում ենք համապատասպան մասնագիտական կազմակերպություն։  Այն ուսումնասիրում է սարքը, եւ եթե դրա անսարքացման պատճառը եղել է հոսանքի տատանումը, ապա սարքի վերանորոգման աշխատանքների ծախսը մենք ենք վճարում։ Իսկ եթե հնարավոր չի լինում վերանորոգել սարքը, ապա ՓԲԸ-ն տեղյակ է պահում այդ մասին տվյալ բաժանորդին եւ նրա հետ ընդհանուր համաձայնության ենք գալիս՝ վճարելով սարքի գինը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ