Բանկիր Միխայիլ Ֆրիդմանի փաստաբանները փետրվարին Լյուքսեմբուրգի կառավարությանն առաջարկել են բանակցություններ երկրի կողմից «էքսպրոպրիացված» ակտիվների դիմաց փոխհատուցում վճարելու մասին եւ ցայսօր պատասխան չեն ստացել։ Այս մասին գրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով ծանուցման տեքտին ծանոթ երկու աղբյուրների։ Գործարարը պահանջում է 15,8 մլրդ դոլար կամ 1,4 տրլն ռուբլի, սա երկրում նրա սառեցված ակտիվների չափն է։
Ինչպես նշել են պարբերականի աղբյուրները, իրականում ակտիվների արժեքը կարող է տարբերվել Ֆրիդմանի գնահատականից, քանի որ պատժամիջոցների պատճառով նրա լյուքսեմբուրգյան ընկերություններին արգելված է գործարարին տրամադրել ֆինանսական տեղեկություն։ Ֆրիդմանը նաեւ չի կարող վարձել փորձագետ գնահատողներ Եվրամիությունից՝ սահմանափակումների պատճառով։
Ֆրիդմանին են պատկանում լյուքսեմբուրգյան այնպիսի ընկերությունների ուղիղ կամ շահառուների փաթեթները, ինչպիսին են Alfa Asset Management-ը (Europe), Alfa Capital Investments Holdings-ը, LetterOne Holdings-ը եւ LetterOne Investment Holdings-ը, CTF Holdings-ը, ABH Holdings-ը, գրել է պարբերականը։ Դրանց միջոցով գործարարը ներդրումներ է կատարել, այդ թվում Ալֆա-բանկում, X5 Group խմբի ռիթեյլեր Amsterdam Trade Bank-ում, Veon եւ Turkcell հեռահաղորդակցային ընկերություններում, Emma Healthcare դեղագործական խմբում եւ այլն։
Լրիվ փոխհատուցման վճարման մեխանիզմը նախատեսված է 1989թ. ներդրումային պայմանագրով՝ կնքված Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի՝ մի կողմից, եւ Խորհրդային Միության միջեւ՝ մյուս կողմից։ Այն գործում է մինչ օրս Ռուսաստանի հետ՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի։ Փաստաթղթի համաձայն՝ մի կողմի ներդրողների կապիտալ ներդրումները մյուսի տարածքում չեն կարող էքսպրոպրիացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ նման միջոցները կիրառվում են հանրային շահերի պաշտպանության համար օրինական կարգով եւ խտրականություն չեն ստեղծում։ Բացի այդ, այդպիսի միջոցներ կիրառելով՝ երկիրը պարտավոր է փոխհատուցել առգրավված կապիտալ ներդրումների իրական արժեքը։ Փոխհատուցումը պետք է վճարվի առանց ուշացման, ազատ փոխարկելի արժույթով։
Ինչպես տեղեկացնում են պարբերականի աղբյուրները, Ֆրիդմանը կարծում է, որ Լյուքսեմբուրգը խախտել է պայմանագիրը։ Իրենք վստահ են, որ գործարարը հաջողության շանսեր ունի։ Փաստաթղթի համաձայն՝ երկրի կառավարությունը կես տարի ունի պատասխանելու համար, ինչից հետո Ֆրիդմանը կարող է վեճը հանձնել ՄԱԿ միջազգային առեւտրի իրավունքի գծով հանձնաժողովի քննարկմանը կամ Ստոկհոլմի արբիտրաժ։
Այնուամենայնիվ, Ֆրիդմանի դիրքորոշման մեջ կարող են եւ թույլ կողմեր լինել։ Ակտիվների սառեցումն, օրինակ, չի կարելի վերագրել էքսպրոպրիացիային, քանի որ ներդրողը շարունակում է տնօրինել դրանք, նշել է Կիրա Վինոկուրովան՝ Pen & Paper փաստաբանների կոլեգիայի գործընկերը։ Պայմանագրում կա «այլ միջոցներ» ընդլայնված ձեւակերպումը, որը կարող է ներառել նաեւ անուղղակի էքսպրոպրիացիան, , իր ակտիվները կառավարելու, օգտագործելու կամ վերահսկելու հնարավորությունից զրկումը։ Սակայն եթե անգամ ակտիվների սառեցումը Ֆրիդմանին հիմքեր է տալիս հայտարարել պայմանագրի խախտման մասին, Լյուքսեմբուրգը, միեւնույն է, կարող է պաշտպանվել։ Վինոկուրովայի խոսքով՝ գործարարի դեմ պատժամիջոցները կարող են վերագրվել հանրային կարգի պահպանման աջակցմանը, որոնք փաստաթուղթը բացառում է կապիտալ ներդրումների պաշտպանության համակարգից։