Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ուշ երեկոյան Անկարայի նախագահական պալատում ընդունել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչին եւ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Իրբրահիմ Քալընին։ Ինչպես նշել է Dunya թերթը, դա տեղի է ունեցել թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելիի հայտարարությունների ֆոնին երկրում հնարավոր հեղաշրջման մասին։
Նախօրեին Բահչելին հավաստիացրել էր, որ «Հանրապետական դաշինք» բլոկի դեմ, որի մեջ են մտնում ԱՇԿ-ն եւ նախագահի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, դավադրություն է պատրաստվում։ ԱՇԿ նախագահը հավաստիացել է, որ անհայտ անձինք ոստիկանությունից եւ դատական համակարգից ծրագրել են կրկնել 2016թ. հեղաշրջման փորձը։
Dunya-ն տեղեկացնում է, որ Էրդողանը, ենթադրաբար, Բահչելիի խոսքերը քննարկել է Թունչի եւ Քալընի հետ։ Չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը կարող է կարեւոր հայտարարություններ անել չորեքշաբթի կուսակիցների առջեւ ելույթի ընթացքում։
Լրագրող Հանդե Ֆիրաթը կարծում է, որ Էրդողանի հանդիպումն արդարադատության նախարարի եւ հետախուզության տնօրենի հետ կապված չէ Բահչելիի հայտարարության հետ, քանի որ սկզբում այն նախատեսված էր երկուշաբթի, բայց հետաձգվել է մայիսի 14-ին։ Լրագրողը նաեւ վստահ է, որ չորեքշաբթի Թուրքիայի նախագահը կարող է կարեւոր հայտարարություններ անել։