Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ճանաչել է քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանի հաղթանակը, որին Վանի նահանգում հայտարարել են «չընտրված քաղաքապետ»։
Քաղաքապետի ընտրությունների արդյունքներով, որոնք տեղի են ունեցել Վանում կիրակի, մարտի 31-ին, Զեյդանը, որն առաջադրվել էր Ժողովրդական հավասարություն եւ դեմոկրատիա կուսակցությունից (DEM), հավաքել է ձայների 55,5 տոկոսը։ Նրա մրցակից Աբդուլահաթ Արվասը նախագահի Արդարություն եւ զարգացում կուսակցությունից ստացել է 27,2 տոկոս։
Բայց տարածաշրջանային ընտրական խորհուրդը մանդատը տվել է Արվասին։ Խորհուրդը վկայակոչել է դատարանի որոշումը, որով Զեյդանն իրավունք չուներ առաջադրվելու։ DEM-ը նշել է, որ որոշումն ընդունվել է ընտրություններից երկու օր առաջ։
Զեյդանի հաղթանակի չեղարկումը զանգվածային բողոքներ է առաջացրել Վանում եւ այլ քաղաքներում։ Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցաններ եւ արցունքաբեր գազ։ Բռնվել է 89 մարդ։
DEM-ը բողոքարկել է Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումը։ Քրդամետ թեկնածուի օգտին քվեարկել է խորհրդի յոթ անդամ չորսի դեմ։ DEM-ը հրապարակել է խորհրդի որոշումը, եւ Վանի փողոցները երկրորդ անգամ տոնել են Զեյդանի հաղթանակը։
Անցած ընտրությունների արդյունքներով՝ DEM թեկնածուները քաղաքապետ կդառնան տասը հարավարեւելյան նահանգներում, որտեղ հոծ ապրում է քրդական փոքրամասնություն։ Նախագահ Էրդողանի կուսակցությունն այս ընտրություններում պարտություն է կրել՝ քաղաքապետի պաշտոններ ստանալով 81-ից 24 նահանգներում։ Ղեկավար պաշտոնների մեծ մասն ստացել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը։