Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Արեւելյան Երուսաղեմում Թուրքիայի ակտիվացման մասին, գրում է Haaretz- ը: Պարբերականի տվյալներով՝ եռյակն իսրայելական իշխանություններին տեղեկացրել է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Երուսաղեմի խնդրին մասնակցության մասին»: Թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիան «մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին եւ Թրամփի վարչակազմին իսկապես դիմակայող միակ առաջնորդ ներկայացնելու համար»:
Հորդանանի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Իսրայելը «քնած է ղեկի վրա», մինչդեռ Թուրքիան իրականացնում է այդ գործունեությունը՝ հայտարարելով, որ Թել-Ավիվը չի շտապում արձագանքել՝ Անկարայի հետ 2016 թվականին ստորագրած հաշտեցման համաձայնագրի պատճառով:
«Պաղեստինի համար մտահոգության հիմնական աղբյուրըն այն է, որ Թուրքիայի կողմից աջակցությունը կնպաստի խմբերի ստեղծմանը, որոնք դեմ էին Պաղեստինին եւ մոտ էին Գազայում պաղեստինյան դիմադրության «Համաս» շարժմանը», գրում է պարբերականը:
Haaretz-ը նշում է, որ Թուրքիան Արեւելյան Երուսաղեմում իր ազդեցությունը տարածում է մի շարք քայլերի միջոցով, այդ թվում` որոշ կազմակերպություններին տրամադրվող նվիրատվությունների: Թուրքական խմբերը, որոնց մի մասը կապված է Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ, տուրեր են կազմակերպում Արեւելյան Երուսաղեմով, իսկ թուրք ակտիվիստներն «ակներեւ ներկայություն» են ստեղծել Տաճարի լեռան մոտ: Իսրայելական ոստիկանությունում աղբյուրը պնդում է, որ նույն խմբերը փորձել են գույք գնել եւ ամրապնդել իրենց քաղաքական դիրքերը քաղաքում: