Հերթական սպանության դեպքն է գրանցվել բանակում: Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, 2010 թվականի օգոստոսի 17-ին N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Հարություն Յուրիկի Վարդանյանը օգոստոսի 18-ին ձերբակալվել է, իսկ արդեն օգոստոսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: