News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք մեր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ:

Լավատես, կենսուրախ եւ կենսունակ մարդու:

Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել:

Երեւի թե, երբ զգացի պատասխանատվությունս առաջնեկիս նկատմամբ, 18 տարեկանում:

Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք:

Համբերատարություն:

Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել:

Կուզենայի ինքս ինձ կարողանալ հասկացնել, որ ոչ բոլոր հոգսերն են իմը:

Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Ոչինչ չէի փոխի, իմ կյանքի հետ կապված ամեն ինչ իմ սրտով է:

Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե?ք, ցանկալի է` հումորային:

Հավասարակշռված, զուսպ, հանգիստ, միշտ ձգտում էի լինել տարիքով ինձնից մեծերի հետ: Չգիտեմ հումորային է, թե ոչ, բայց մանկությունից մի դրվագ է շատ տպավորվել իմ մեջ, երբ 7 տարեկանում, թեեւ ծնողներիս կողմից պատժվելու վտանգին, 3 տարեկան քույրիկիս տանում էի զբոսայգի, կարուսել նստեցնելու: Ու դա հաճախակի էի անում:

Որո՞նք են ձեր խոցելի կողմերը:

Խեղճությանը, աղքատությանը, անճարակությանը փիլիսոփայորեն վերաբերվել չկարողանալը:

Ինչի՞ համար եք զղջում:

Որեւէ բանի համար չեմ զղջում, ինչ արել ու անում եմ՝ միայն գիտակցաբար:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Երբեմն ոմանց չափից ավելի վստահելու հարցում:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Հաճախակի չեմ ստում, իսկ երբ ստիպված եմ, ապա միայն անմեղ ստեր՝ երեխաներիս քմահաճույքները զսպելու համար: Դա բոլոր ընտանիքներում էլ կա:

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:

Կամքիս ուժին, աշխատասիրությանս, նպատակամղվածությանս: Շնորհակալ եմ ուսուցիչներիս, դասախոսներիս, ընկերներիս, իսկ վերջին շրջանի հաջողություններիս համար՝ թիմակիցներիս:

Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:

Ինձնից առանձնապես դժգոհելու առիթ չունեմ:

Ովքե՞ր (ինչեր) են ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:

Առաջին երկուսը շատ փոքրաթիվ են երրորդի հետ համեմատած…

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Հավատի կորստից:

Զայրանում եք, երբ…

Արածիս ադեկվատ պատասխան չեմ ստանում:

Զարմանում եք, երբ…

Երբ տեսնում եմ ամեն ինչից գոհ եւ բավարարված մարդու:

Ձանձրանում եք, երբ…

Ստիպված եմ քաղաքավարության զոհ լինել եւ լսել մեկի դատարկախոսությունը:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ…

Այս հարցն ինձ մի ուղղեք: Ես ոչ մեկի, ոչ էլ մյուսի իրավունքը չունեմ, ես երեք արու զավակների հայր եմ:

Հպարտությունը:

Հայրս:

Ուրախությունը:

Ընտանիքս:

Տխրությունը:

Սոված, հիվանդ, ունեզուրկ մարդիկ:

Հոգսերը:

Վերեւում թվարկածս մարդկանց վիճակը բարելավելու միջոցների փնտրտուքը:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

23.2007թ., 26 տարեկանում գյումրեցիների շնորհիվ ընտրվեցի եւ դարձա ՀՀ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը: Իսկ որպես պարտություն իմ մեջ տպավորվել է ըմբշամարտի առաջին անհաջող մենամարտս:

Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

17 տարեկանում ամուսնանալս:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Պատահականություններ լինում են:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Ճիշտն ասած, զբաղվածության պատճառով սպասեցնել տվել եմ, բայց տանել չեմ կարող սպասելը:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե ձեր համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:

Ինչ ունեմ, ձեռք եմ բերել բացառապես իմ քրտինքով. լավ տուն, լավ մեքենա…

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Սուտը, անտարբերությունը, անարդարությունը:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Երջանկությունս բողբոջած այգու գույն ունի:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել:

30.2003թ., երբ կորցրեցի շատ թանկ մարդու՝ հորեղբորս: Ու եթե արտասվում եմ, միայն այդ առիթով:

Ձեր մասին ամենաանհեթեթ առասպելը:

Հանուն ինչ-ինչ ճղճիմ նպատակների ինձ համառորեն կրիմինալի հետ կապելը, որն ավելի զավեշտական երանգներ է ստանում ընտրությունների շրջանում:

Ձեր սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:

Յասամանագույնի բոլոր երանգները, յասամանն իր անմահականբույրով, արծիվը:

Սիրելի գրական հերոսներ եւ հերոսուհիներ:

Սաթենիկը՝ «Մխիթար Սպարապետ» վեպից եւ Էդմոն Դանտեսը՝ «Կոմս Մոնթե Քրիստո» վեպից, որպես կամային մարդու որակներով կերպարներ:

Սիրելի հերոսները մերօրյա իրականության մեջ:

Վազգեն Սարգսյան:

Ովքե՞ր են ձեր ընկերները` հարուստ պաշտոնյաներ, թե… Օրինակ` սեռական փոքրամասնություն կազմող ընկերներ ունե՞ք, թե՞ ոչ, նրանց հետ շփվու՞մ եք, թե՞...

Բնականաբար ընկերներ շատ ունեմ, հարուստ էլ, միջին խավից էլ, պաշտոնյա էլ, գործազուրկ էլ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ուղղակի, որպես հիշեցում ասեմ՝ ես ԲՀԿ-ից եմ (ծիծաղում է):

Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը:

Աշխատանքը:

Մի առիթով ասել եք, որ գյումրեցին էլ գիշերային ակումբի եւ մերկապարուհու կարիք ունի: Ձեր հորեղբոր որդու՝ «ՀայՌուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Ռուստամ Գրիգորյանի կողմից գիշերային ակումբ բացելուց հետո գյումրեցիների, օրինակ` ձեր « կարիքները» բավարարված են, թե ոչ:

Բացը, իհարկե, լրացվել է (ծիծաղում է):

Վերջին անգամ ե՞րբ եք խոհանոցում ինչ-որ բան պատրաստել:

Մեր տանը պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ինձ համար Գյումրվա ավանդական ճաշատեսակները պատրաստում է հայրս: Այդ դաշտը մտնելը խելամիտ քայլ չէ:

Ամենառոմանտիկ օրը:

Ապագա կնոջս խոստովանելու օրը:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Օռնելլա Մուտի:

Անցած սերեր

Ընտանիքի տեր եմ, գործ չունեք:

Ո՞վ է կինը, կսահմանեք:

Կինը կյանք է՝ իր բոլոր հետեւանքներով:

Ասում են` ամուսնությունը սպանում է սերը, դուք զգացե՞լ եք ձեր վրա:

Իմ պարագայում հակառակն է. ամեն բացվող առավոտ մեզ ավելի է կապում միմյանց ու ջերմացնում:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։

Առանց սիրո կյանքը դատարկություն է: Այդ դատարկը լցնելու համար ամեն ինչ կարող ես զոհաբերել:

Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:

Երբ եղավ, կնոջս հետ կորոշենք ու առաջինը Ձեզ կասեմ:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

Հիմնականում մեր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման…

Ձեր երեխաների դաստիրակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրան, իսկ ձեր հայրը ձեզ ապտակե՞լ է:

Երեխաներիս դաստիարակությունը ինձ համար պատվի հարց է: Իսկ հայրական ապտակ միայն մեկ անգամ եմ ստացել, որը ծանր եմ տարել: Երեխաներիս հարցում որքան հնարավոր է ինձ զսպում եմ:

Երազ տեսա…

Ծաղկուն, բարեկեցիկ ու բարգավաճ կյանքով էր ապրում երկիրս, էլ չկային նեղությունն ու սովը, սուտն ու կեղծիքը, ցավն ու դավը:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:

Սողոմոն Իմաստունն ասել է. «Ամեն բան անցողիկ է»: Համաձա՞յն եք նրա հետ:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն) ձեզ հարցնում է, թե այս կյանքում քո գոյությունը արժեւորվա՞ծ ես համարում:

Իմ գոյությունն այս կյանքին տվել է մի խաղաղ ընտանիք, երեք արու զավակ, տաք օջախ, չափազանց լայն շրջապատ, համակիրների ու համախոհների մեծ թիմ, նյութական բարիքներ: Համոզված եմ, որ դեռ ժամանակ ունեմ կյանքս ավելի արժեւորելու:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ