Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ ինքնաթիռն ընկել է «ուժեղ տուրբուլենտության» մեջ, ասվում է Singapore Airlines-ի հաղորդագրության մեջ:
Լոնդոն-Սինգապուր չվերթն ուղղվել է դեպի Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ, ասվում է Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մենք կարող ենք հաստատել, որ Boeing 777-300ER ինքնաթիռում կան վիրավորներ և մեկ զոհ։ Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ,ընկերությունը հայտնել է, որ 30 ուղևորներ հիվանդանոցային բուժում են պահանջում: Մյուս ուղևորները բուժօգնություն են ստացել օդանավակայանում՝ ավելի թեթև վնասվածքներով:
Ավիաընկերությունն իր «խորին ցավակցությունն է հայտնել մահացածի ընտանիքին» և ասել, որ համագործակցում է Թաիլանդի իշխանությունների հետ «անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու» համար և թիմ է ուղարկել Բանգկոկ՝ օգնելու համար: