Երեւի 2023-ի սեպտեմբերից հետո արցախցիների մասով առաջին հավաքն էր, որտեղ ներկա էին տարբեր կառույցներ, ինստիտուտներ, սկսած օրենսդիր, գործադիր, ՏԻՄ մարմինների ղեկավարներ: Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ Արցախի կառավարության անդամների, Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը:
«Շատ հետաքրքիր մթնոլորտում անցավ հանդիպումը, երբ մարդիկ բարձրաձայնում էին իրենց հուզող հարցերը եւ բոլորի մոտ կարմիր թելով անցնում էր միտքը, թե մեր վերադարձի ճանապարհը ինչպիսին է լինելու: Սրբազանն ասաց, որ այդ վերադարձը լինելու է, քանի որ դա եւս ճշմարտության մեջ է տեղավորվում: Այսօր Արցախի վերադարձը փակ է այսօրվա իշխանությունների կողմից:
Հուսով ենք, հավատով լի ենք, որ այո, հաջողվելու է ոչ հայեցի մտածող իշխանություններից օր առաջ ազատվել եւ մեր հայեցի մտածող, արդարությունն առաջին գիծ բերած սրբազան շարժումը հաջողություններ է ունենալու եւ դա տարածվելու է ոչ միայն տավուշցիների, սյունեցիների, արցախցիների, այլ համայն հայության շրջանակներում: Չունենալով այսպիսի իշխանությունները, Արցախ վերադարձի ճանապարհը բաց է, եւ այդ ուղղությամբ օրուգիշեր պետք է աշխատել: Հասկանում ենք, որ հեշտ չի լինելու, բայց համեյանդեպս, այսպիսի վիճակում էլ չենք լինելու»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում արցախցիների վերադարձը, երբ անգամ ռուսական խաղաղապահներն են դուրս եկել Արցախից, Դավիթ Գալստյանը պատասխանեց. «Նախ, պետք է սկսել բանակցությունները, եւ այդ բանակցությունների ընթացքին Արցախը պետք է անպայման ներգրավված լինի; Այսօր պետք է կարողանանք ցանկություններն իրականությունից տարբերել: Իրականությունն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է քննարկվի սկսած Արցախի անկախության ճանաչումից վերջացրած որոշակի այլ կարգավիճակով: Մեր քաղաքական ուժի համար անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության տակ վերադառնալ Արցախ»: