News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Կիրանց մեկնելու ճանապարհին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին քաղաքացիներից մեկը հայկական գամփռի ձագ նվիրեց։

«Տղա՞ է, թե՞ աղջիկ»,-հարցեց Բագրատ Սրբազանը, ապա հավելեց, որ անունը Ոսկի կլինի:

Նա գրկեց շնիկին ու ասաց. «Բա հիմա ո՞նց պահենք էս շունիկին»:

Նշենք, որ այսօր առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստնյանը մի խումբ մարդկանց հետ Երեւանից ճանապարհ է ընկել դեպի Կիրանց:

Կիրանցում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Գիշերն այստեղ երեք սահմանային սյուն է տեղադրվել:

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնել է, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ ավտոլվացման մեկ կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։   «6 տուն էլ այնքան մոտ է ադրբեջանցիներին, որ հնարավոր չէ այնտեղ ապրել։ Դպրոցն էլ է այնքան մոտիկ, որ ոչ ոք երեխաներին չի կարող դպրոց ուղարկել»,– ասել է Կամո Շահինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Տպել
Ամենաշատ