Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակն ինձ ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` բովանդակությամբ, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը եւ արդյոք այն համապատասխանում է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշմանը: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ես անտրամաբանական համարեցի այս հարցին պատասխանելը, քանի որ երբ Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո է։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է իշխող մեծամասնության դիրքորոշումը»,- ընդգծեց հայ պատգամավորը։
Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։
«Ես մտահոգություն հայտնեցի մի շարք ռուս խորհրդարանականների հռետորաբանության վերաբերյալ, որը հիմնված չէ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերի վրա, որոնց կապում է դարավոր բարեկամությունը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ռուսական կողմի անհանգստությունն առաջացրել էր Ալեն Սիմոնյանի՝ Եվրամիության խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։