Սահմանային ճշգրտման տակ ներկայացվող գործընթացը որևէ տրամաբանության չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ դելիմիտացիան այստեղ իրականացվում է բացառապես տեղային առումով. «Ընդ որում, Ադրբեջանի պնդմամբ և ճնշմամբ։ Մեր քաղաքացիների համար տեսանելի չէ, թե այս գործընթացն իր ամբողջության մեջ ինչ սկզբունքների հիման վրա է գնում։ Ներկայացվել է լրիվ այլ ժամանակահատվածի քարտեզ։ Խոսվում է Սովետական միության Գլխավոր շտաբի քարտեզների մասին, և փորձում է դա ներկայացվել որպես իրավական առումով ամենաբարձր ուժը կամ կարգավիճակ ունեցողը, դա որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը, որովհետև Սովետական օրենսդրությամբ Սովետական հանրապետությունների միջև սահմանային խնդիրները լուծվում էին այդ հանրապետությունների միջև, այլ ոչ թե կենտրոնական մարմինների»։
Անդրադառնալով հայկական գյուղերն Ադրբեջանին հանձնելուն՝ պատգամավորն ասաց. «Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նկարագրական մասով որևէ ձևով չի երևում, որ այդ հանձնվող տարածքները, որոնց մասին իշխանությունը խոսում է, դրանք Հանրապետության մասին չեն կազմում։ Գուցե իրենք ասեն, որ դա մեկնաբանման հարց է, բայց այն, ինչ կարդում ես բնութագրման մեջ, ցույց են տալիս, որ դրանք ՀՀ տարածք են։ Եթե դրանք ՀՀ տարածք են, ապա դրանց որևէ ձևով հանձնումը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով։ Երբ խոսվում է տարածքների հանձնման մասին, դեմարկացիայի գործընթացը ենթադրում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է լինի դեմարկացիայի ենթարկվող Հանրապետությունների միջև կենսական անհրաժեշտություն պահանջող այդ տարածքների չտուժելու հանգամանքը։
ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն, բայց պայմանավորված Հայաստանի ներքին իրականությունում տեղի ունեցող զարգացումներով գործընթացի այդ ֆիզիկական հանձնման մասը չեն իրականացնում»։