News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Ոստիկաններն արդեն տեւական ժամանակ հրաժարվում են բացել Օպերայի հարակից փողոցների երթեւեկելի հատվածը։

Ոստիկանների գործողություններն անձամբ համակարգող ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ  փողոցը փակ է լինելու մինչև 22:00–ն:

Բագրատ Սրբազանը և երթի մասնակիցները շարունակում են մնալ Օպերայի հարակից տարածքում: Ոստիկանները նրանց թույլ չեն տալիս փողոցի երթեւեկելի մասով քայլել դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ Սրբազանը պատրաստվում է ամփոփել օրը, և ներկայացնել վաղվա անելիքները:

Ոստիկանները պատնեշ են կազմել՝ պատճառաբանելով, որ մինչեւ Օպերայի շենքում միջոցառումը չավարտվի, փողոցը չեն բացի։ Բագրատ Սրբազանը փորձում է համոզել ոստիկաններին՝ նշելով, որ բազմահազարանոց բազմությունը չի կարող քայլել մայթով։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը հեռացավ Օպերայի շենքից: Ոստիկանական ուժերը, սակայն,  շարունակում են շրջափակած պահել Օպերայի հարակից տարածքը:

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անց էր կացվում միջոցառում, որին մասնակցում էր նաև   Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ դեռևս կայանված են  Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Մետաղյա արգելապատնեշներով շարունակում են փակ մնալ Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված են նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ