News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ժողով է արել ԲՈՒՀ-ի դեկանների հետ և հանձնարարել անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ վաղը առավոտյան ժամը ՝ 10:00-ին, գնալու է ԵՊՀ:

«Էլինա Ասրիյանն ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն տալ և  ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը: Ասել է՝ պետք լինի, 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, սակայն որ չի կարող ասել՝ որքանով են հավաստի լուրերը:

«Ես ասում եմ, վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»,-հավելեց Բագրատ Սրբազանը՝ դիմելով Երևանի պետական  և Բրյուսովի անվան պետական համալսարանների ռեկտորներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս է  եկել  եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։

Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում  բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:

Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել էին միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, արդյունքում Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում:  Նշենք, որ Բագրատ Սրբազանը փորձել էր մտնել ԱԺ եւ սուրճ խմել, սակայն չէր կարողացել շենք մտնել՝ անձնագիրն իր մոտ չունենալու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ