News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Քաղաքացիները եթե բողոք ունեն, դա պետք է անեն առանց մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին օրենքը խախտելու․ մենք այնպես ենք ակցիա արել, որ քաղաքացիներին շատ նեղություն չտանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

«Երբ մենք ճանապարհ էինք փակում, մարդիկ դրան բարի էին վերաբերվում, իջնում էին, քննարկումներ էին անում մեզ հետ։ Ես չեմ տեսել, բայց եթե քաղաքացիներին նեղություն են պատճառում, այդ նեղությունն էլ վիճաբանության է վերածվում, ապա իրավապահները պարտավոր են դա կարգավորել եւ մարդկանց ազատ տեղաշարժն ապահովել»,- նշեց Նարեկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ ինքը համոզված է՝ ՔՊ-ից ոչ մեկ չի միանալու այդ ակցիային․ «Ինքս չեմ քվեարկելու ՀՀ լեգիտիմ վարչապետի հրաժարականի պահանջին կողմ, որովհետեւ նա ընտրվել է առանց ընտրակաշառքի»։

Հարցին՝ արդյո՞ք հաջողության կհասնի այս շարժումը, Գրիգորյանն ասաց․ «Ես մի քանի կադրեր եմ տեսել, երբ ԱԺ պատգամավորը մունաթ է գալիս մարդկանց վրա։ Երբ մենք հեղափոխություն էինք անում, ոստիկանը մերն էր, հիմա էլ է մերը, նախկինում էլ էր մերը, մեզ էլ բերման ենթարկել, բայց մենք ոստիկանին չենք անիծել ու հայհոյել, նա իր պարտականությունն է անում օրենքով սահմանված կարգով, իրենք քննադատում են ոստիկաններին, այն քաղաքացիները, որոնք իրենց չեն միանում»։

Համեմատելով 2018 թվականի իրադարձությունների հետ՝ ՔՊ-ականն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը քայլարշավը սկսել էր, ու ոչ մի անգամ մեքենա չէր նստել, ուներ կամք, եւ հասարակությանը ինքն առաջնորդեց մինչեւ վերջ, ոչ թե էսօր կարկուտ է, վաղն անձրեւ։ Ես տեսել եմ նրանց քայլարշավը, նրանց՝ մեքենաներ նստելը, էսօր հարմար չէ քայլարշավի մասնակիցների հետ քնել, վաղը հարմար չի հանրահավաք անել եւ այլն»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ այնուամենայնիվ քաղաքացիները դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից եւ հարցին՝ ինչպե՞ս է իշխանությունը վերաբերում այդ խնդրին, Գրիգորյանն ասաց․ «Չի լինելու մի պահ, որ բացառապես բոլորը կողմ լինեն տվյալ պահին գործող իշխանություններին․ որոշակի մարդիկ աշխատանքից են ազատվել, որոշները քրեական գործերով են անցնում, որոշները՝ ապօրինի գույքի բռնագանձման հարց ունի»։

Արդյո՞ք իշխանությունները հետեւություններ անում են սահմանազատման ու սահմանագծման առնչությամբ ընդդիմության քննադատություններից, ՔՊ-ականն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա պետական սահման, որը ճանաչված լինի աշխարհի կողմից»։

Նարեկ Գրիգորյանը շեշտեց, որ եթե ՀՀ քաղաքացիները դուրս գան փողոց, ապա իրենք մնալու խնդիր չունեն․ «Ամսի 9-ին դուրս էին եկել Հրապարակ որոնց մի մասը շփոթված էին, մի մասն էլ հանրահավաքի մասնակիցներն էին։ Պետք է լինի համազգային շարժում, որ մեծ մասը պահանջի մեր գնալը։ Ֆոտոշոփ էին արել, մեր հեղափոխությունից կադրեր էին դրել»։

Անդրադառնալով սոցցանցերում հրապարակված ՔՊ-ական Լուսինե Բադալյանի գրառմանը՝ Նարեկ Գրիգորյանն ասաց․ «Ես չգիտեմ Ֆեյսբուքում ինչ ա գրած։ Ես որեւիցե քննարկման չեմ մասնակցել, որեւիցե ահանգստություն չունեմ։ Ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ։ Այնպես չէ որ բոլորը մեզ հետ են, բայց այնպես էլ չի, որ մեծամասնությունն իրենց հետ է։ Ամեն դեպքում ես անհանգստացած չեմ»։

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից իշխանականներին սուրճի հրավիրելու գաղափարին՝ Գրիգորյանն ասաց, որ ինքը սուրճի հրավեր չի ստացել․ «Իրենց մեջ էդպիսի դուխով մարդ չկա, որ ինձ սուրճի հրավիրի, որովհետեւ իրենք մեզ ինչ ասես՝ ասել են, անիծել են, ես իրենց հետ ոչ սուրճ խմելու ցանկություն չունեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ