Արտահանողների համար դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորումը ռիսկի գործոն է, որը նրանք պետք է հաշվի առնեն։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչի արդյունքում վերջին մեկ ամսում դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը փոքր-ինչ աճել է։ «Եթե նախկինում դոլարի անվանական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ տատանվում էր 400 դրամի սահմաններում, ապա այժմ այն 390 դրամի սահմաններում է։ Սա նշանակում է, որ դոլարը արժեզրկվել է մոտավորապես 2,5%-ով, ինչը պայմանավորված է տարբեր երեւույթներով, մասնավորապես՝ խոշոր առեւտրով, զբոսաշրջային հոսքերով եւ կապիտալի ներհոսքով։ Թե կոնկրետ ինչ գործոնի ազդեցությամբ է դա տեղի ունենում, դժվար է ասել»,- հավելեց Գալստյանը։
Նա պարզաբանեց, որ լողացող փոխարժեքի պայմաններում Կենտրոնական բանկը միջամտում է, երբ շուկայի ֆունկցիոնալությունը խաթարվում է։ «Այս առումով մեր խնդիրն է կանխել բնական պրոցեսը»,- ընդգծեց ԿԲ նախագահը։