ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
«Նա պետք է որոշի՝ գնալո՞ւ է, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, որոշում է կայացվել, որ գնալու է»,- հավելել է նա։
Անանյանը պարզաբանել է, որ արարողակարգային տեսանկյունից շատ կարևոր է գիշերել տվյալ երկրում, ինչը ցույց է տալիս բարեկամական վերաբերմունքն այդ պետության նկատմամբ։
«Փաշինյանը, հավանաբար, մեկ օր կմնա Ռուսաստանում. Իսկ եթե այդպես է, ապա հաջորդ օրը մայիսի 9-ն է։ Կմնա՞ արդյոք, Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Մայիսի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում դրսևորած պահվածքը ցույց կտա՝ Փաշինյանը, իր իսկ պատկերացմամբ, եվրոպամե՞տ է, թե՞ ոչ։ Իսկ եվրոպամետ լինելը, նրա կարծիքով, նշանակում է հակառուսական լինել։
Այս ընթացքում կորոշվի նրա, որպես քաղաքական առաջնորդի, ճակատագիրը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- նշել է նախկին պաշտոնյան։
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում՝ կապված ուկրաինական հակամարտության համատեքստում Ռուսաստանի դեմ հայտարարության հետ։
«Չեմ զարմանա, եթե Ալեն Սիմոնյանի հարցերը լուծվեն մինչև մայիսի 7-ը՝ ցույց տալու համար, որ մենք պատժել ենք Ռուսաստանին ագրեսոր անվանողին։ Եթե դա տեղի չունենա, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը մայիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հակառուսական վարքագիծ կդրսևորի և խոնարհումներ կանի Արևմուտքի առաջ։ Այս դեպքում խուսափել չի ստացվի։ Փաշինյանը կանգնած է երկընտրանքի առաջ»,- ընդգծել է նա։
Մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Տոկաևի այցը՝ Անանյանը նշել է, որ նա Հայաստանում չի գիշերել և չի այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նա չի բացառել, որ Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը հանել են արձանագրությունից՝ հաշվի առնելով, որ Հայաստան է եկել թյուրքալեզու պետության ղեկավար։