News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ լրատվական բաժնից հայտնում են, որ ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին:

Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրեն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:

Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ