![](img/news/82/45/71/default.jpg)
Բեռնափոխադրումներ իրականացնող տեղական կազմակերպություններն ու անհատ վարորդները դուրս են մղվում շուկայից: NEWS.am-ին ահազանգած հայ բեռնափոխադրողները հայտնում են, որ արտերկրի բեռնափոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմանների պատճառով իրենց ծառայություններն այլևս մրցունակ չեն և եթե ոլորտը չկարգավորվի, առաջիկայում ավելի քան 800 բեռնափոխադրողներ կմնան անգործ:
Բանն այն է, որ դեպի Ռուսաստան և Բելառուս վերաարտահանման գործոնով պայմանավորված արտերկրի բեռնափոխադրողները Հայաստան բեռ ներմուծելուց հետո, որպեսզի դատարկ չվերադառնան, այստեղից ապրանքներ են արտահանում անհամեմատ ցածր գին առաջարկելով միջնորդ կազմակերպություններին՝ այդպիսով շուկայից դուրս մղելով հայ բեռնափոխադրողներին: Արման Ենոքյանը, որն արդեն յոթ տարի է բեռնափոխադրումներ է իրականացնում հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն, NEWS.am-ին հայտնեց, որ օտարերկրյա բեռնափոխադրողները գրեթե ինքնարժեքով են սկսել Հայաստանից բեռներ տեղափոխել, քանի որ Հայաստանում ունեն արտոնյալ պայմաններ: «Եթե նախկինում դեպի Մոսկվա բեռնափոխադրման համար լոգիստիկ կազմակերպութկունները մեզ վճարում էին 3000-3500 ԱՄՆ դոլար, ապա հիմա 1200 դոլարով էլ չեն համաձայնում, ասում են, եթե չեք ուզում՝ 1100 դոլարով վրացին, թուրքը, ուզբեկը կամ ղազախը կտանեն: Վառելիքը, տրանզիտը թանկացել է, պատշաճ հարկեր ենք վճարում՝ շրջանառության հարկ, դրոշմանշային վճար տալիս, կնիքի համար վճարում, ցանկացած փոխանցման համար 5- 20 տոկոս վճարում, ու բելառուսը գալիս է միայն բնապահպանական հարկ վճարելով մեր ապրանքն արտահանում է երկրից»,-նշեց մեր զրուցակիցը:
Արմանի խոսքով՝ հայ վարորդները նման արտոնություններ չունեն այլ տարանցիկ երկրում: Մասնավորապես երրորդ երկրից բեռնափոխադրման թույլտվության (Դազվոլ) տրամադրումը որոշ երկրների դեպքում սահմանափակված է, իսկ որոշների դեպքում՝ ընթացակարգը շատ բարդ է: «Օրինակ մենք չենք կարող նույն սկզբունքով Վրաստանից ապրանք վերցնել ու փոխադրել, քանի որ այնտեղ օտարերկրյա կազմակերպությունների համար սահմանափակումներ կան, իսկ օրինակ Բելառուսում այնքան բարդ է վարչարարությունը, որ հայ վարորդները խուսափում են այնտեղից բեռ բերել»,-ասաց նա: Վարորդի խոսքով՝ բեռնափոխադրման ոլորտում համապատասխան օրենսդրական կարգավորումների և վերահսկողության բացակայությունից օգտվում են նաև միջնորդ կազմակերպությունները, որոք չունեն համապատասխան լիցենզավորում և առաջնահերթություն են տալիս արտերկրի բեռնափոխադրող կազմակերպություններին` դրանով իսկ մեծ հարված հասցնելով հայաստանյան փոքր բիզնեսին: Բեռնափոխադրողները NEWS.am-ին հայտնեցին, որ առաջիկայում խոշոր բողոքի ակցիա են իրականացնելու՝ պահանջելով հարկային դաշտում հավասար պայմաններ ստեղծել, միջնորդ և արտահանող կազմակերպությունների համար լիցենզավորման կարգ սահմանել և ոլորտի համար էական նշանակություն ունեցող այլ հարցեր կարգավորել: