Արցախի հանձնման միակ մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 21-ին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Նելլա Գրիգորյանը։
«Արցախը հանձնեց Նիկոլ Փաշինյանը, երբ հոկտեմբերի 6-ին Պրահայում ասաց, որ Արցախն Ադրբեջան է։ Այդ օրվանից մեզ համար ամեն ինչ սկսվեց»,- նշել է նա։
Պատասխանելով իշխանամետ շրջանակների մեղադրանքներին՝ պատգամավորը հավաստիացրել է, որ արցախցիները չեն մասնակցում բողոքի ցույցերին հանուն փողի։
«Այդ իրենք են պատրաստ ամեն ինչի հանուն փողի։ Արցախցիները բողոքի են դուրս գալիս հանուն հայրենիքի, այլ ոչ թե փողի»,- ավելացրել է նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում կրկնվում է նույն սցենարը, որը եղավ Արցախում։
«Արցախում նույնպես խոստացան կառուցել այլընտրանքային ճանապարհ՝ հավաստիացնելով, որ ամեն բան լավ կլինի։ Նույնը հիմա տեղի է ունենում Կիրանցում։ Մաս-մաս հանձնում են։ Եթե գյուղը շրջափակման մեջ լինի, այլընտրանքային ճանապարհը օգուտ չի բերի։ Ալիեւն ասել է, որ ոտքով գալու է Երեւան։ Ժողովուրդը պետք է արթնանա, ես զարմանում եմ մեր ժողովրդի պահվածքից»,- ընդգծել է Գրիգորյանը։