ՀՀ անունից սահմանագծման և սահմանազատման պարտավորություններ կարելի է ստանձնել միայն պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրով, հակառակ դեպքում, դա ապօրինի է։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Միջազգային պարտավորությունը պետք է վավերցվի և՛ ԱԺ-ի կողմից, և՛ ընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Ուստի, այն պաշտոնյաները, որոնք այդ փաստաթղթերը ստորագրում եմ, ուզում եմ նորից իրենց համար կրկնել՝ դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք»,- նշեց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ստորագրված արձանագրությունը բեկանելուն կարող են հասնել միայն իշխանափոխության միջոցով. «Այդ արձանագրությունը շտապ կարգով պետք է բողոքարկել Սահմանադրական դատարան։ Դրա հակասահմանադրականությունը պետք է ապացուցվի ՍԴ–ում։ Դա արագ մեխանիզմն է, որն այսօր պետք է իրականացվի»։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ «Հայաքվեի» հանդիպման մանրամասներին՝ Չալաբյանն ասաց. «Ես ավելին չբացահայտեմ, քան Սրբազանն է բացահայտել։ Այն ինչի մասին պետք է ասի Սրբազանը՝ շարժման ռազմավարությունը, վարչապետի թեկնածությունը, ապագա կառավարության կազմը, իշխանափոխության մեխանիզմը, դա առաջին հերթին պետք է իրենից հնչի։ Իմ կարծիքով՝ կան որոշակի ուրվագծեր, և որոշակի հարցեր հետագա քննարկման կարիք ունեն»։
Նա նշեց, որ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումները հաճախ են տեղի ունենում. «Հայաքվեն առաջին օրվանից աջակցել է շարժմանը, որովհետև մեզ համար խաղաղ և սահմանադրական կարգով Հայաստանում իշխանափոխություն մեր ազգային օրակարգն է»։