News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Նրա խոսքով, բաղադրիչներից մեկը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումն է:

Անդրադառնալով ծրագրի հիմնական պայմաններին, նախարարն ասաց. «2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում անչափահասներն ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռքբերվող բնակարանի մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով: Ձեռքբերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը:

Ծրագրի ֆինանսովորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն աջակցության գումարը եւ դրա տոկոսագումարները վճարելու է կառավարությունը: Եթե հավաստագրի տրամադրման արդյունքում դրական մնացորդ է մնում, ապա մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ այդ դրական մնացորդն ուղղվեն հետեւյալ 3 ուղղություններով. Առաջինը գյուղնշանակության հողամասի գնում մինչեւ 5 մլն դրամ,  երկրորդ, եթե ձեռքբերված անշարժ գույքը ունի վերանորոգման կարիք, կարող են վերանորոգել 4 մլն դրամի չափով, ինչպես նաեւ կահույքի եւ տեխնիկայի գնման հնարավորություն մինչեւ 2 մլն դրամի սահմաններում»,-ասաց նախարարը:

Այս ծրագրով շահառու չեն լինի Քաշաթաղի ծրագրի շահառուները, նաեւ այն դեպքերում, եթե ընտանիքի անդամներից առնվազն մեկը դիմելու դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն:

«Բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված եւ հրապարակված տիպային նախագծերից որեւէ մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն  ՀՀ-ում լիցենզավորված շինկազմակերպության կողմից: Եթե շահառուն չունի անհատական տուն կառուցելու համար այդպիսի նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս, որ այս աջակցության գումարից մինչեւ 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի 400 քմ-ից քիչ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչեւ հունիսի 15-ը. «Այդ պահից կգործի բնակարանի ձեռքբերման բաղադրիչը, հուլիսի 15-ից կգործի անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը եւ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը:

Ծրագիրը կիրականացնի երեք փուլով, առաջին փուլում կընդգրկվեն 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող  ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ ընտանիք, որոնք կլինեն վարկունակ եւ աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից:

Երկրորդ փուլում կընդգրկվեն երկու անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ մեկ անչափահասով ընտանիքները: Մեկնարկը ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ն է:

Երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները եւ մեկնարկը ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը»,- ընդգծեց Նարեկ Մկրտյանը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ այն ընտանիքները, որոնք սահմանված 242 բնակավայրերում են ուզում բնակարան, նրանք ընտանիքի մեկ անդամի հաշվով կստանան 5 մլն դրամ. «Ենթադրենք 6-հոգանոց ընտանիք է եւ գնեց բնականար 25 մլն դրամով, ինչը շատ իրատեսական է, մնացած գումարներից կարող է հողը ձեռք բերել, եթե տվյալ գյուղում չունի հող: Մնացած 5 մլն դրամը նա կարող է իր ընտրությամբ օգտագործել կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու համար, կամ նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Կարեւոր է նաեւ, որ եթե մարդն ունի գործող հիփոթեքային վարկ, էլի ընտանիքի մեկ անդամի հաշվով 2-ական մլն դրամի աջակցություն ենք ցուցաբերում: Այսինքն 6-հոգանոց ընտանիքը 12 մլն դրամի հիփոթեքային վարկի մարում կստանա»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ որոշակի սահմանափակումներ են կիրառել Երեւանի փոքր կենտրոնում բնակարաններ ձեռք բերելու համար:

«Մենք գնահատել էինք, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք, և եթե պարզ հաշվարկով մտածենք, որ դա միջին հատուցման չափով կարող է լինել, ապա 500 մլրդ դրամ կարող է կազմել այդ տների կամ բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը, բացի այն տոկոսային ծախսերից, որոնք ամբողջ ժամանակահատվածում կվճարենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը: Ամենահամեստ հաշվարկներով՝ 800 միլիարդը գերազանցող ծախս է»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ԱԳՆ-ի կայքում դեռևս բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «44-օրյա պատերազմ» բաժինները
Տարօրինակ զուգադիպությամբ նյութերն անհետացել են անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե իրենք «խնդիր են տեսնում Հայաստանի արտգործնախարարության կայքում»...
ՄԱԿ-ի համաժողովի պատվիրակներին կոչ են արել աջակցել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը (վիդեո)
Ակտիվիստներից մեկը՝ Ջոնաթան Սպանբենբեգը, կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան…
Մեկնարկը՝ հունիսի 15-ից. Ճամբարակում արցախցիներին ներկայացվել են բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները
Այստեղ բնակարան կառուցել կամ ձեռք բերել ցանկացողներին պետական աջակցություն կտրամադրվի 4 միլիոն դրամի չափով…
Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից
Ղեկավարվելով ԱՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ…
Ասում եք՝ ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ ասում եք հիմա, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին
Ի՞նչ է անում իշխանությունը ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու…
Կազմվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնամուխ է լինելու «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմավորմանը
Մայիսի 10-12 Ծաղկաձորում անցկացվեց առաջին «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումը, որը մի տանիքի տակ էր համախմբել…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ