Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցությունները փակուղի են մտել Ռաֆահում իսրայելական գործողության պատճառով, որտեղ ապաստանել է հարկադրյալ տեղահանվածների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, որը միջնորդ է հանդիսանում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցություններում։
«Վերջին մի քանի շաբաթներին մենք որոշակի ազդակ ենք տեսել, բայց բանակցային գործընթացը, ցավոք, անհրաժեշտ ուղղությամբ չի ընթացել։ Հիմա մենք գտնվում ենք գրեթե լիակատար փակուղու վիճակում։ Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Ռաֆահում, մեզ հետ նետեց համաձայնագրի ուղղությամբ տարվող աշխատանքում»,- ասել է վարչապետը Դոհայի տնտեսական համաժողովում։ Նրա ելույթը հեռարձակել է Bloomberg հեռուստաալիքը։
Նա նաեւ ընդգծել է, որ միջնորդները չեն կարող ապահովել հրադադարի համաձայնագիրը դիրքորոշումների «հիմնարար տարբերությունների» պատճառով, որոնք ունեն հակամարտող կողմերը։ «Մի կողմը ցանկանում է ավարտել պատերազմը, հետո խոսում է պատանդների մասին։ Մյուս կողմը փորձում է ազատել պատանդներին եւ շարունակել պատերազմը։ Քանի դեռ այս տարբերությունները շփման կետեր չեն ունենա, մենք որեւէ արդյունքի չենք հասնի»,- ավելացրել է Կատարի վարչապետը։