Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, որով խնդրել ենք վերջինիս պարզել, թե արդյոք «civic.am» լրատվամիջոցի օպերատորը «դեպքի օրը» տեսաձայնագրել է տեղի ունեցածը, թե՝ ոչ։ Եթե այո ապա պահանջել որպեսզի քննությանը տրամադրվի տեսաձայնագրառման կրիչը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա պարզաբանում է՝ ներկայացված միջնորդությունը կարևոր է այնքանով, որքանով ըստ մեղադրանքի՝ Արթուր Սուքոյանը Դավիթ Լևոնյանին հարվածելուց հետո մատը թափ տալով սպառնացել է Դավիթ Լևնյանին, որ այլևս նա Բագրատ Սրբազանի վերաբերյալ տեսանյութեր չհրապարակի։
«Իսկ քանի որ Արթուր Սուքոյանը հերքել է վերը նշվածը ՝ հայտնելով, որ ինքը մատը թափ տալով ասել է Դավիթ Լևոնյանին որպեսզի վերջինս իրեն չհայհոյի, ուստի քննության հիշյալ վարկածը ստուգելու միակ օբյեկտիվ ճանապարհը դա «civic.am» լրատվամիջոցից հիշյալ տեսաձայնագրառման կրիչը պահանջելն է։
Իսկ եթե պարզվի, որ չկա նման տեսաձայնագրություն, ապա գործում է չփարատված կասկածի կանոնը, որը պետք է օգտագորղվի ի հօգուտ Արթուր Սուքոյանի»,-նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանը ենթադրաբար հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, մեղադրելով Բագրատ Սրբազանի վերաբերյալ կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու մեջ:
Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։