Վրաստանի ընդդիմությունը հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների հետ։ Թբիլիսիում է գտնվում Գերմանիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Միխայիլ Ռոթը, ինչպես նաեւ Լիտվայի, Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Լեհաստանի խորհրդարանների արտաքին քաղաքական կոմիտեների ղեկավարները, տեղեկացրել է SOVA-ն։
Ինչպես հայտնի է, «Վրացական երազանքը» հանդիպմանը ներկա չէ։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մինչ այդ հայտնել էր, որ մայիսի 13-14-ը այցի հարմար ժամանակ չէ, քանի որ իշխանության կուսակցությունը պատրաստվում է ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին, եւ «առարկայական» զրույցն անհնար է։
Այցի շրջանակում, որը տեւելու է մինչեւ մայիսի 15-ը, պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի կառավարության անդամների եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ այցը տեղի է ունենում երրորդ ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի լսումների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, օրինագծի դեմ ապրիլի 15-ից Թբիլիսիում եւ այլ քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ։
«Երազանքը» նախատեսում է լիագումար նիստ անցկացնել մայիսի 14-ին, որտեղ էլ մտադիր է ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգը։ Մայիսի 13-ին իրավաբանական հարցերի կոմիտեն դիտարկել էր փաստաթուղթը երրորդ ընթերցմամբ մեկ րոպեում՝ հաստատելով այն առանց ընդդիմության ներկայացուցիչների։