ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգը խուսափել է պատասխանել «արեւմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի օրակարգը Մալթայի կողմից պաշտպանելու վերաբերյալ հարցին։
Մայիսի 13-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Յան Բորգին հարց են ուղղել այն մասին, որ Բաքուն փորձում է օգտագործել ԵԱՀԿ հարթակը «արեւմտյան Ադրբեջանի» մասին իր օրակարգն ու Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներն առաջ մղելու համար, ինչին անուղղակիորեն աջակցում է Մալթան։
Ի պատասխան՝ մալթացի նախարարը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ում Մալթայի նախագահությունը «շատ թափանցիկ եւ մաքուր» է, եւ Մալթան մտադիր է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու համար։ Նախարարը հիշեցրել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ գործընթացը երկկողմանի է։ Երկու մայրաքաղաքներում նախարարը բանակցություններ է վարելու՝ դրական արդյունքի հասնելու հույսով։
Սահմանազատման մասին հարցին Բորգը պատասխանել է, որ այն կառուցողական է, բայց ավելի հիմնավոր կարծիք հայտնելուց հրաժարվել է՝ դա բացատրելով նրանով, որ գործընթացը երկկողմանի է, ԵԱՀԿ-ն դրան չի մասնակցում։