ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը քիչ առաջ ժամանեց ԱԳՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպմանը կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
Այցին զուգահեռ՝ ԱԳՆ շենքի մոտ են հավաքվել մի խումբ արցախցիներ և իրավապաշտպաններ, որոնք նամակ են պատրաստել և իրենց պահանջներն են ներկայացնելու։
Ակցիայի մասնակիցներին ձեռքին կա պաստառ. «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք»
«Ոչ միայն ԵԱՀԿ նախագահին, այլ նաև իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ Իլհամը բնակեցնում է Շուշին և ոչ միայն։ Որևէ ընդվզում, նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է՝ քաղաքական վերնախավը կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն, և որևէ խոսք չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»,-ասաց ակցիայի մասնակցիներից մեկը և նշեց, որ ստիպված դիմում են դրսի ուժերին, որ գոնե ձևական տիրություն անեն միջազգային նորմերին և կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախը թուրքերով բնակեցնելը, և բռնի տեղահանվածները վերադառնան։
«Մեր նամակում Արցախից փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցնէ դրված: Ծվարել այս փոքր հողակտորի վրա, որը կոչվում է Հայաստան, շատ քիչ է: Մեր կենսատարածքն անվերջ կրճատվում է, կասկածի տակ է դրվում նմույնիսկ Հայաստանը որպես կենսատարածք: Եթե այս վտանգը չկասեցնենք, ապա մենք գնում ենք դեպի վերացում: Ընդ որում, նաեւ մեր քաղաքական վերնախավի ուղիղ մասնակցությամբ:
Նամակը արդեն փոխանցվեց: Այսօր իրականացվող ցեղասպանությունը կանխելու միայն մեկ հայտնի մոդել կա՝ «անջատում հանուն փրկության»: Դա նշանակում է, որ արցախահայությունը պետք է ապրի Ադրբեջանի ցանկացած վերահսկողությունից դուրս, միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ եւ աջակցությամբ: Թուրքի հետ անհնար է ապրել»,-ասաց արցախցի կինը: