News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, կանխագուշակելով ապագա բանակցությունները, ասել է. «Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ շատ կարևորում ենք այս երկկողմ հանդիպումը, որն, ըստ իս, կօգնի վերջնականապես լուծելու շատ հարցեր»: Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ուշակովը հատկապես շեշտել է Ռուսաստանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև շփումների կրճատումը, ինչպես նաև այն փաստը, որ երկու պետությունների հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։ Բայց, ինչպես ընդունված է ասել սոցիալական ցանցերում, այս ոլորտում «ամեն ինչ այդքան պարզ չէ»։

Մի կողմից, Երևանն արդեն մի քանի ամիս ցուցադրաբար սերտացնում է հարաբերությունները կոլեկտիվ Արևմուտքի հետ։ Ու թեև այս ամենն արվում է «դիվերսիֆիկացիայի» քողի տակ, սակայն իրական իմաստը չի կարող վրիպել որևէ մեկի աչքից։

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ առանձին երկրների (հատկապես Ֆրանսիայի, Հունաստանի և Գերմանիայի) միջև հաղորդակցության ուղիներ են կառուցվում։ Այս ամենը տեղի է ունենում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման խորաապատկերում։ մեծ դժբախտություն չէր լինի, եթե այդ «սառեցում» ասվածը լատենտ վիճակում լիներ։

Սակայն պաշտոնական Երևանի ներկայացուցիչներն այս գործողությունները (ավելի ճիշտ անգործությո՞ւնը) թե՛ Մոսկվայի, և թե՛ ամբողջ կազմակերպության նկատմամբ համադրում են կոշտ հռետորաբանությամբ։ Իհարկե, Ռուսաստանը նման վերաբերմունքի է արժանանում նաև Երևանի տեսանկյունից՝ Ղարաբաղում ձախողված առաքելության համար։

Բայց մի բան էլ կա. 2024 թվականին Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Պաշտոնական Երևանն ամանորյա տոներից անմիջապես հետո ազդարարեց սույն ինտեգրացիոն կառույցում իր առաջնահերթությունների մասին։ Թե՛ ոճով, թե՛ իմաստով դրանք գործնականում լիովին համընկնում են գեղեցիկի մասին ռուսական պատկերացումների հետ։ Հիշեցնենք, որ Եվրասիական նավապետական կամրջակի վրա Երևանը փոխարինեց Մոսկվային։ Ի միջի այլոց, Ուշակովն իրավմամբ նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ կազմում լինելու շահառուներից է։ Իսկ երկրի բարձրագույն ներկայացուցիչներն այդ իմաստով առանձնապես առարկություններ չունեն։

Վերջին տարիներին Երևանի մոտեցումներում շատ բան է փոխվել։ Սակայն հարկ է ընդգծել, որ եթե նախկինում Հայաստանում շեշտում էին անվտանգության ոլորտում Մոսկվայի բացառիկությունը, Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ փոխգործակցությամբ համալրելու անհրաժեշտությամբ հանդերձ, այսօր հակառակ միտումն է նկատվում։

Երևանն առաջ է մղում արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» (դժվար թե դա Ռուսաստանի կամ Իրանի հետ շփումների առաջնահերթություն նշանակի) գաղափարը՝ սոսկ եվրասիական ինտեգրացիոն նախագծի հետ գործընկերության բարձր մակարդակով բավարարվելով։

Բայց Մոսկվան պատրա՞ստ է արդյոք ընդունելու փոխգործակցության այս վարկածը։ Երբ Արևմուտքի հետ առճակատումը չի դադարում, ավելին, ստանում է հստակ էքզիստենցիալ նրբերանգ, դժվար թե անվտանգության և տնտեսական ինտեգրման հարցերի տարանջատման նման հեռանկարը աշխատանքային սցենարի վերածվի։ Ավելի շուտ, Ռուսաստանը կձգտի պահպանելու իր առանձնահատուկ դերը։ Երևանը պատրա՞ստ է ընդունելու դա։

Ակնհայտ չէ, թեև պարզ է նաև, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն Հայաստանի ազգային անվտանգության համար իրական պատասխանատվություն ստանձնել։ Շատ-շատ պատրաստ են ինստրումենտալիզացնելու Հայաստանի ներսում հասարակական-քաղաքական դժգոհությունը վերջին տարիների ուռճացված ակնկալիքների ձախողման  առնչությամբ։

Մարկոդոնովը շեշտել է, որ Պուտինի զրույցը Փաշինյանի հետ դյուրին չի լինելու: «Բայց դա չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով առհասարակ եվրասիական քաղաքականության անձնավորման բարձր աստիճանն ու մասնավորապես, ռուս-հայկական հարաբերությունները»,- շեշտել է ռուս քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ