Մեքսիկայում տղամարդը կացինը ձեռքին հարձակվել է Կանադայից ժամանած կին զբոսաշրջիկի վրա: Գլխից վիրավորված օտարերկրացի երիտասարդ կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Դրա մասին հայտնել է Mexico News Daily պարբերականը։
Մերիդան, ըստ վիճակագրության, համարվում է Մեքսիկայի ամենաանվտանգ քաղաքներից մեկը։ Սակայն հենց այդ քաղաքում էլ ապրիլի 23-ին տեղի է ունեցել միջադեպը:
Կանադուհի 25-ամյա զբոսաշրջիկի վրա հարձակումը տեղի է ունեցել Յուկատան նահանգի մայրաքաղաքի պատմական կենտրոնում՝ տաճարի մերձակայքում, երբ նա զբոսնում էր ընկերների հետ։ Անցորդներից մեկը գլխավոր հրապարակում վերանորոգման աշխատանքներ կատարող բանվորներից խլել է կացինն ու առանց որևէ ակնհայտ պատճառի հարձակվել երիտասարդ կնոջ վրա։ Տուժածի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել, դեպքի վայր հասած բուժաշխատողները վիրակապել են կանադուհու գլուխն ու տեղափոխել հիվանդանոց։
Չարագործը, որին ձերբակալել են հենց դեպքի վայրում, իրավապահներին կցկտուր բացատրություններ է տվել և, ըստ ամենայնի, տառապում է հոգեկան հիվանդությունից: Նա իրավապահներին հայտնել է, թե եկել է Մեքսիկայի Տաբասկո նահանգից, և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունն է իրեն տեղափոխել Մերիդա քաղաք։