Կարծում եմ՝ Էրդողանին ու նրա կուսակցությանը կարելի է համոզել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է Թուրքիային, որ դա երկարաժամկետ հեռանկարում նրանց ձեռնտու կլինի, որ դա նրանց համար կբացի ողջ Հարավային Կովկասը՝ թուրքական և արևմտյան ավելի մեծ ազդեցության համար, որ դա նրանց ֆինանսական օգուտ կբերի։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն։
«Ընդդիմադիր կուսակցությունները մի փոքր ավելի զուսպ դիրքորոշում ունեն հայկական հարցում։ Ուստի այս հարցն ավելի արդիական կդառնա մինչև 2028 թվականը, երբ ավարտին կմոտենա Էրդողանի նախագահությունը»,- ընդգծել է նա։
Օրը հավելեց, որ Արևմուտքում «նորմալ» են նայում այն փաստին, որ Թուրքիան կարևորում է, այսպես կոչված, թյուրքական աշխարհի ստեղծումը։
«Եթե այլընտրանքը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մեծ ազդեցությունն է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վրա, ապա Թուրքիայի և Արևմուտքի շահերը կարող են համընկնել։
Կենտրոնական Ասիայի համար սա ամենասուր հարցերից է, քանի որ առանց Թուրքիայի և Արևմուտքի մյուս այլընտրանքը իրենց ինքնիշխանության նվազումն է և Չինաստանից և Ռուսաստանից ավելի մեծ կախվածությունը, ինչը սկզբունքորեն ձեռնտու չի լինի այդ երկրների բնակչությանը և ղեկավարությանը։ Ուստի, այսպես կոչված, թյուրքական աշխարհին աջակցելը նրանց համար կենսական խնդիր է»,- եզրափակեց փորձագետը։