News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանի հետ:

Եթե ձեզ խնդրեին, երեք նախադասությամբ բնութագրեիք ինքներդ ձեզ, ի՞նչ կասեիք:

Լավատես եմ, զուսպ, վճռական, ատում եմ սուտը եւ շողոքորթությունը:

Ի՞նչ է կյանքը, այն իմաստ ունի՞, թե՞ ոչ: Կյանքում ձեր առաքելությունը ո՞րն է:

Կյանքը խոսք է, գործ եւ պայքար: Կյանքը իմաստը պայքարելու եւ մշտապես հաղթելու մեջ է:

Կյանքում ի՞նչ երբեք չեք անի:

Այն, ինչ հարիր չէ մարդկային արժանապատվությանը:

Ի՞նչ է քաղաքականությունը, կսահմանեք:

Եթե դրանով զբաղվում են անբարոյականնները, անբարոյականություն, եթե բարոյականները` արվեստի տեսակ:

Հայաստանում ո՞րն է:

Երկուսից էլ կա:

Պատգամավորներից շատերը, որպես իրենց կյանքի համարձակ քայլ նշում են քաղաքականությամբ զբաղվելը, իսկ դուք ո՞րն եք համարում ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Բանակում ծառայելիս ինքնաթիռից մի քանի անգամ թռել եմ պարաշյուտով, դա եղել է 18 տարեկանում:

Ինչի՞ համար եք ափսոսում: 

Ափսոսում եմ չարածներիս համար:

Իսկ ի՞նչ չեք արել:

Այնքան բան...

Ի՞նչ մեղքեր եք գործել: Եթե որեւէ մեղք չեք գործել, կարելի է եզրակացնել, որ Գրիգոր Նարեկացուց էլ սուրբ եք:

Ոչ մեկն էլ անմեղ չէ, բայց այնպիսի մեղքեր չեմ գործել, որ այժմ զղջամ կամ ամաչեմ:

Ձեր խոցելի կողմերը:

Չափից ավելի բարությունը:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Եթե ճշմարտությունը վնասում է արդարությանը, ես այն չեմ ասում:

Կարո՞ղ եք մի պահ մոռանալ, որ պատգամավոր եք եւ որ ձեր հարցազրույցը կարդալու են հազարավոր մարդիկ, եւ մի անկեղծ խոտովանություն կամ ինքներդ ձեր մասին բացահայտում անեք:

Ինչպես ասում է Գագիկ Ծառուկյանը` այդ մեկն էլ հաջորդ դասին:

Ի՞նչ կցանկանայիք փոխել այժմ  ձեր կյանքում եւ ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:

Ես ինձանից դժգոհ չեմ:

Սոկրատեսն ասում է` կյանքում կան շատ բաներ, որ ինձ պետք չեն: Ձեզ ի՞նչ պետք չէ:

Հաշվի առնելով, որ Սոկրատեսը հնում է ապրել, նրան շատ բան պետք չէր, ինձ մի քիչ ավելին է պետք:

Մեկ հետաքրքիր, հումորային դրվագ կհիշեք ձեր մանկությունից, պատանեկությունից կամ ուսանողությունից:

Դպրոցում լավ էի սովորում, բայց անկարգ էի: Մի անգամ մաթեմատիկայից գրավոր էինք գրել, չէի հասցրել վերջին հարցին պատասխանել: Դասերից հետո մարզասրահից դուրս գալիս ես եւ ընկերս, ով այժմ ճանաչված անձնավորություն է, գնացինք թաքուն ուսուցչանոցից վերցրեցինք տետրը,ավելացրինք այդ հարցի պատասխանը եւ դրեցինք տեղը: Հիմա ընկերոջս միշտ սպառնում եմ, որ եթե քեզ խելոք չպահես, բոլորին կասեմ` դու ո՞վ ես եղել (ծիծաղում է-NEWS.am):

Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում  եւ իրականացա՞ն ձեր երազանքները: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Երազում էի դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բայց դարձա պատգամավոր:

Ի՞նչ նմանություն կամ տարբերություն կա ձեր մանկության երազանքների աշխատանքի եւ ներկայիս աշխատանքի միջեւ:

Նմանություններն ու տարբերությունները շատ են:

Տարիները, պաշտոնները ինչպե՞ս փոխեցին ձեզ, ի՞նչ նոր հատկանիշներ ձեռք բերեցիք կամ կորցրիք:

Տարիների եւ պաշտոնների ընթացքում կորցրել եմ տարիներս, ձեռք եմ բերել կյանքի փորձ:

Երկար տարիներ աշխատել եք հարկային տեսչությունում: Քանի՞ անգամ են ձեզ կաշառք առաջարկել: Չեմ հարցնում` վերցրե՞լ եք, թե՞ ոչ, այլ առաջարկե՞լ:

Երբեք չեմ գայթակղվել նմանատիպ առաջարկություններով, բայց եթե իմանայի, որ ինձնից երբեւէ կոնկրետ թիվ կհարցնեն, այդ մասին հատուկ հաշվառում կպահեի:

Ի՞նչ նմանություն եւ տարբերություն ունի հարկային մարմնում եւ ԱԺ-ում աշխատանքը: Ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր դառնալ, միայն թե չասեք` ազգի, հայրենիքի համար լավ բան անելու նպատակով:

Երկուսն էլ մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքներ են, երկուսն էլ պահանջում են պետական մտածելակերպ: Չեմ ասի ազգի, հայրենիքի համար լավ բան անելու նպատակով եմ պատգամավոր դարձել, դա գործով կապացուցեմ:

Ո՞ւմ եք համարում հայ ազգի հայրեր:

Առասպելական Հայկին, Տիգրան Մեծին, ինչպես նաեւ մեր հանճարեղ գրողներին եւ արվեստագետներին, ովքեր հարուստ մշակութային ժառանգություն են թողնել:

Ո՞րն է ձեր երազանքների պաշտոնը, որ կցանկանայիք զբաղեցնել:

Ես միշտ աշխատել եմ բավարարվել իմ ունեցածով, նոր հնարավորություններ, եթե լինեն, կձգտեմ օգտվել, եւ դա հատուկ է բոլոր նորմալ մարդկանց:

Ձեր սիրելի բանաստեղծները: Քանի՞ բանաստեղծություն անգիր գիտեք, որեւէ մեջբերում կհիշեք: 

Բանաստեղծներից` Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան: Օրինակ` «Աբու-Լալա Մահարի» պոեմից իմ սիրելի հատվածը. «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»:

Ձեր սիրելի նկարիչները եւ կոմպոզիտորները:

Նկարիչը` Այվազովսկի, կոմպիզոտորը` Արամ Խաչատրյան:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ առիթով եք արտասվել:

Վերջին անգամ արտասվել եմ, երբ մոտս սոխ էին կտրում 2-3 տարի առաջ:

Ի՞նչ ֆոբիաներ ունեք:

Եթե ուզում եք չվախենալ ոչնչից, հիշեք, որ վախենալ կարելի է գրեթե ամեն ինչից: Սա ինձ ներշնչում է, որ ես չվախենամ:

Հոբբիներ:

Ձկնորսությունը եւ բլոտ խաղալը: Ձկնորսության գնացել եմ ամռանը,իսկ բլոտ վերջին անգամ խաղացել եմ նախորդ կիրակի օրը:

Ինչի՞ վրա եք խաղում:

Մենք նստում ենք աթոռներին եւ խաղում ենք սեղանի վրա:

Ի՞նչ բարդույթներ ունեք եւ ո՞ր բարդույթներից եք ազատվել:

Բարդույթներ չունեմ, դա էլ է բարդույթ:

Ի՞նչ հոգսեր ունեք:

Ես չէի ուզենա իմ հոգսերով ձեզ ծանրաբեռնել:

Ինչքա՞ն եք սպասել եւ սպասեցրել:

Ամեն մարդ իր կյանքում միշտ սպասում է ինչ-որ բանի, իսկ սպասեցնել չեմ սիրում:

Ո՞րն է Ձեր վատագույն սովորությունը:

Ծխելը:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել եւ ինչպե՞ս եք հաղթահարում այդ պահերը:

Նույնիսկ ամենադժվարին պահերին պետք չէ կորցնել հոգու արիությունը:

Ասում են` ուրախ կյանքը հետքեր չի թողնում, ձեր կյանքի տխուր օրերից:

Ապրելով սահմանամերձ տարածաշրջանում` ես տեսել եմ պատերազմի արհավիրքները:

Իսկական տղամարդը չի խմում ,չի ծխում, չի խաղում, «լեւի» չի գնում, երբեք չի վիճում  ու պարզապես գոյություն չունի: Նշվածներից ո՞րն եք անում կամ չե՞ք անում:

Սուտ են ասում, մի հավատացեք:

Ի՞նչ է կինը: Եթե Հայաստանում բազմակնություն լինի, քանի՞ կին կցանկանայիք ունենալ:

Ոչ մի գիտնականի, գրողի մինչ այժմ չի հաջողվել պարզել, թե ինչ է կինը: Ես չեմ էլ փորձում ստանալ այդ հարցի պատասխանը, որովհետեւ գիտեմ` չի հաջողվի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա մեկ կինը բավարար է, երբեմն` նաեւ շատ:

Անցած սերեր:

Ես ամուսնացած տղամարդ եմ, կինս էլ հարցազրույցս կարդալու է, այնպես որ այդպիսի հարցեր մի տվեք:

Սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Գրավոր:

Դուք այդպե՞ս եք խոստովանել:

Դա գաղտնիք է:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո:

Կորուստների:

Օրինակ` երկնքից աստղեր իջեցնե՞լ, 8-րդ հարկից թռչե՞լ:

8-րդ հարկից թռնել` ոչ, երկնքից ատսղեր չես կարող իջեցնել, հեքիաթների էլ չեմ հավատում:

Հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Դերասանուհի Մերլին Մոնրոն:

Ինչպիսի՞ն է ձեր ընտրյալը: Ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք:

Գեղեցիկ, ընտանիքի լավ մայր, նրան էի պատկերացնում իմ կողքին:

Ձեր երեխաների մասին կպատմեք: Կցանկանայի՞ք` իրենք ձեզ նմանվեինք:

Երկու որդի ունեմ, մեծ որդիս ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը, ծառայել է բանակում, այժմ շարունակում է ուսումը: Փոքր որդիս սովորում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում` կառավարման ֆակուլտետում: Կցանկանայի, որ իրենք ինձ նմանվեին, բայց թող իննձից առավել լինեն:

Ընտանեկան վեճերն ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

Վեճեր լինում են բոլոր ընտանիքներում եւ տարբեր բովանդակությամբ` սկսած ճաշի աղի կամ անալի լինելուց եւ այլն:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր կնոջ ծնողների հետ, կոնֆլիկտներ չե՞ն առաջանում: Վերջին թարմ անեկդոտը փեսաների սիրելի զոքանչների մասին:

Կնոջս ծնողները մահացած են, իսկ մահացածների մասին` կամ լավը, կամ ` ոչինչ, նույնիսկ, եթե նա զոքանչ է:

Ո՞րն է ձեր ունեցած ամենաթանկարժեք իրը:  Խոսքը նյութական հարստության մասին է:

Չգիտեմ իմ ունեցած իրերի արժեքը:

Մի հետաքրքիր դրվագ կպատմեք գիշերային ակումբների կամ խաղատների ներքին խոհանոցից, խոստանում ենք` ոչ մեկին չպատմել:

Խաղատներում հետաքրքիքր դրվագներ, ինձ թվում է, չեն լինում, իսկ գիշերները ես մեր տանն եմ լինում:

Ասում են, թե  տղամարդը երգում է 3 դեպքում`երբ ամեն-ինչ վատ է` տխրությունից,երբ ամեն-ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն-ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:

Ես ձայնային լավ տվյալներ չունեմ եւ խնայում եմ շրջապատիս:

Երազ տեսա…

Արթնացա:

Լինում է, չի լինում...

Միշտ էլ քիչ է լինում:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչ սկզբունքներ ունեք:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ-ից Մկրտիչ Մինասյանը ձեզ հարցնում է, թե ի՞նչը ձեզ երջանիկ կդարձներ գոնե մի ամբողջ ամիս:

Ամեն մարդ ինքն է ստեղծում իր երջանկությունը, եւ ես երջանիկ եմ:

Նշենք, որ Մերուժան Սիմոնյանը Աժ-ում «նորաբնակներից» է: Մասնագիտությամբ տնտեսագետ է, գյուղարդյունաբերության կազմակերպիչ: Աշխատել է որպես բանվոր, տնտեսագետ, երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում, Սյունիքի մարզային հարկային տեսչության պետ է եղել, հարկային ծառայության գնդապետ է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի,  Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ