Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակի պոկվելու պատճառով զոհվածների դիակները փրկարարները դուրս են բերել հորանից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Պարզվել է նաեւ դժբախտ պատահարի հետեւանքով տեղում մահացածներից ինքնությունը: Նրանցից մեկը 52-ամյա Հուսիկ Օհանյանն է, մյուսը`մոտ 50 տարեկան տղամարդ, նախնական տվյալներով` Յուրա անունով: Մնացած տվյալները ճշտվում են:
«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ պատահարի հետեւանքով տուժածների` 45-ամյա Խաչիկ Եփրեմյանի եւ 60-ամյա Գեւորգ Սաֆարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Խաչիկ Եփրեմյանին այժմ տանում են վիրահատության, փայծաղն են հեռացնելու:
Հիշեցնենք, որ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Վերելակը, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:




























