Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը պոկվել եւ ընկել էր, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեւորգ Սաֆարյան (60 տ.): ԱԻն-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Ինչպես  NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, նախնական տվյալներով կան երկու զոհ եւ երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ: