Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ` հոկտեմբերի 26-ի կեսօրին Խանջյան 20 հասցեւոմ գտնվող կիսակառույցի փլուզման վերաբերյալ: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ պարզվել է, որ «Չիլինգարյան դիզայն եւ շինարարություն» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել նոր կառուցվող հարկի ծածկի` մոտ 800 քմ մակերեսով երկաթյա կառուցատարրերի փլուզում:
Կառուցապատող ընկերության աշխատակիցների հետ ճշտելով աշխատող բանվորների քանակը եւ համոզվելով, որ փլատակներում այլեւս մարդ չկա` փրկարարները մինչեւ ժամը 20.40-ը շրջապատի համար վտանգավոր դարձած կիսակառույց շենքում իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլվածքի տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):
Խանջյան 20 հասցեում կեսօրին տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ, որի հետեւանքով 11 մարդ մնացել էր փլվածքի տակ, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):




























