Խանջյան 20 տարածքը, որտեղ կեսօրին փլուզում է եղել եւ փլվածքի տակ 11 մարդ է մնացել, ոչ մի կապ չունի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը:
Նրա խոսքով` հավանաբար այդ թյուրիմացությունը եղել է այն պատճառով, որ այդ տարածքը գտնվում է JOSE-ի հարեւանությամբ: Հարցին, թե շինարարության տեխզննողը` Շմավոն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե տարածքը JOSE համալիրի մի մասն է կազմում, իսկ JOSE-ը մեկ տարի առաջ Մհեր Ավետիսյանից գնել է Հարություն Փամբուկյանը: «Եթե չեմ սխալվում տերը ժամանակին նույնն է եղել, երբ այն վաճառվել է, գնվել է Հարություն Փամբուկյանի կողմից JOSE համալիրը, բայց ոչ մնացած տարածքը: Եթե այդ մարդը իր ասածի հիմնավորումն ունի, ես շատ ուրախ կլինեմ, որ փաստաթղթերով կարողանա դա ապացուցել: Իսկ քանի որ ինքը չի կարող ապացուցել, որովհետեւ դա իրականությանը չի համապատասխահում, ուրեմն պետք է բարձրաձայնել, որ այդ մարդը ընդհանրապես կապ չունի եւ իր անունը չխառնել այդ պատմության հետ»,- ասաց Արեւիկ Ուդումյանը` վստահեցնելով, որ Խանջյան 20 տարածքը Հարություն Փամբուկյանը չի գնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլվածքի տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):
Խանջյան 20 հասցեում կեսօրին տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ, որի հետեւանքով 11 մարդ մնացել էր փլվածքի տակ, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):





























