Խանջյան 20 հասցեում ոչ թե շենքն է փլուզվել, ընդամենը քանդվել է բետոնի լիցքի կաղապարամածման կառույցը (опалубка): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շինարարության տեխզննող Շմավոն Հովհաննիսյանը: «Շենքը չէր կարող փլուզվել, որովհետեւ շատ ամուր է կառուցված, 100 տոննա опалубка-ն երբ թափվել է բետոնային արդեն կատարված աշխատանքների վրա, բետոններին ոչինչ չի եղել, որովհետեւ շենքը ամուր կառուցված է` նորմերին համապատասխան»,- ասաց նա:

Նա չհերքեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի NEWS.am-ի թղթակցին հայտնած տեղեկատվությունը,որ այս պահին այդ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն սեփականատերը  չի ունեցել: «2009թ ստացել ենք շինթույլտվություն, մի անգամ, երբ ժամկետը վերջացել է, երկարացրել ենք 2011թ, մոտ 1-2 ամիս է, ինչ ժամկետը ավարտվել է եւ դիմել ենք, որ էլի երկարացնենք: Քանի որ քաղաքապետարանը այսօր կիսակառույցների հանդեպ շատ խիստ է  վերաբերում եւ տուգանում է չվերջացնելու դեպքում, դրա համար շինարարական պատրատսություն էինք տեսնում, опалубка էինք կապում, մինչեւ շինթույլտվության ժամկետը եւս մեկ անգամ երկարացվեր, բետոնային աշխատանքը վերջացնեինք»,- հայտնեց նա:

Նրա խոսքով` ամբողջ թղթերը նախապատրաստական փուլում էին, որպեսզի երկարացնեին շինթույլտվության ժամկետը եւ 2013թ հուլիսին ավարտեին շինարարությունը: Ավարտելուց հետո Խանջյան 20 հասցեում  պետք է լիներ զվարճալիքների կենտրոն եւ մանկական սրճարան: Իսկ թե ինչը կարող էր փլուզման պատճառ լիներ, նա նշեց, որ դա ցույց կտա փորձաքննության եզրակացությունը` վստահեցնելով, որ կատարվածը շինանյութի վատ որակի, շինարարության նորմերը խախտելու հետեւանք չէր: «Ընդամենը աշխատողները մի քիչ երեւի ուշադիր չեն եղել, տեխնիկական պատճառ է, շինարարության ժամանակ կարող են  նման բաներ պատահել: Իրականում շինարարների պատճառով է, բայց դա արդեն փորձաքննությունը ցույց կտա: Քանդվել է ոչ թե շենքը, որովհետեւ շենքը ոնց կա, տեղում կա, այլ քանդվել է опалубка-ն»,- շեշտեց նա:

Շմավոն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ անպայման փոխհատուցելու են տուժած բանվորներին «այնքան, ինչքան նրանք ցանկանան»:

Շինարարության տեխզննողը տեղեկացրեց, որ Խանջյան 20 տարածքը պատկանում է Jose համալիրին, ընդհանուր մի համալիր է: Իսկ Jose համալիրը մեկ տարի առաջ Մհեր Ավետիսյանից գնել էր ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը: Հարցին, թե այդ տարածքը եւս պատկանում է Հարություն Փամբուկյանին, Շմավոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ընդամենը տեխզննողն եմ, վերահսկողը, չգիտեմ, թե ում է պատկանում, բայց չի բացառվում, որ ձեր ասած մարդուն պատկանի: Օпалубка-ի քանդվելը կապ չունի, թե ում է պատկանում տարածքը»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլվածքի տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):

Խանջյան 20 հասցեում կեսօրին տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ, որի հետեւանքով 11 մարդ մնացել էր փլվածքի տակ, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):