Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր միջեւ մանդատը վայր դնելու որեւէ պայմանավորվածություն, խոսակցություն չի եղել, հնարավոր է` դա թյուրըմբռնման արդյունք է: Նա նաեւ հայտնել էր Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններին սատարելու պատրաստակամության մասին:





























