«Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հանդիպել են եւ առանձնազրույց ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը`չմանրամասնելով, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում: «Ես ընդամենը կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի երեկվա հանդիպման արդյունքները քննարկվելու են «Ժառանգության» կուսակցության վարչության եւ խմբակցության համատեղ ընդլայնված նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քրատուղար Անժելա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ Խաչատուր Քոքոբելյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը քննարկվել են խնդրահարույց հարցեր:

«Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակը նշեց, որ Խաչատուր Քոքոբելյանը մանդատը վայր չի դնի: Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի միջեւ մանդատը վայր դնելու որեւէ պայմանավորվածություն, խոսակցություն չի եղել, հնարավոր է` դա թյուրըմբռնման արդյունք է: «Հնարավոր է պարոն Հովհաննիսյանը ունեցել է ակնկալիքներ, որ մանդատը վայր դնելուց հետո Քոքոբելյանը եւս վայր կդնի մանդատը, բայց պայմանավորվածություն չի եղել, անգամ խոսկացություններ չեն եղել»,- ասաց նա:

Նա վստահեցրեց, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկարտների» միջեւ անդունդներ եւ հակասություններ չկան: Երկու կուսակցությունները ունեն միասին երկարաժամկետ քաղաքական գործունեության նպատակ, ինչը նշանակում է, որ առաջիկա նախագահական, քաղաքապետի ընտրություններում կամ այլ քաղաքական գործընթացներում գաղափարական հենքի վրա ստեղծված այս դաշինքը լինելու է միասին: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի եւ կաջակցի նրան»,- ասաց Անժելա Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, որ  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ համաձայնություն է ունեցել, որ իր հետ միասին նա եւս պետք է մանդատը վայր դնի, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին: Ինչպես նաեւ հայտնել է, որ Քոքոբելյանի վերադարձից հետո ինքը այս, եւ այլ հարցերի վերաբերյալ կլսի նրա պատասխանները եւ մի քանի շաբաթ անց վերջնական պատասխան կտա իր թեկնածության առաջադրման վերաբերյալ: