News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Մենք պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին:

Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են: Այսինքն՝ մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք: Սա ֆորպոստի տրամաբանություն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ հարց հնչեցրեց, թե ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած. «Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ