News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Այս ամբողջ գործընթացն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև բոլորիս աչքի առաջ, ընդ որում, օրը ցերեկով և մի քանի անգամ մեր նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող կառույցները և երկրներն իրենց անվտանգային պարտավորությունները չկատարեցին: Ես հիմա չեմ ուզում քննարկենք պատճառները և արդարացումները, կարող են լինել ամենատարբեր արդարացումներ, ես նույնիսկ հիմա չեմ էլ ուզում դա որպես մեղադրանք ասել, ես դա արձանագրում եմ որպես փաստ և մենք առնչվում ենք այս փաստի հետ:

Եվ այս փաստն ինձ, Ձեզ, բոլորիս, Հայաստանին պետք է բերի մեկ հետևության, որ մենք մեր անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա: Անվտանգության ապահովման բանաձևի մասին էլ է պետք մտածել, ի՞նչ բանաձևով պետք է մենք ապահովենք մեր անվտանգությունը: Ես արդեն ասացի և ուզում եմ կրկնել, մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա, լեգիտիմ ակնկալիքների և լեգիտիմ պահանջների հիմքի վրա:

Բայց կա երկրորդ ամենակարևոր բանը, ո՞րն է մեր աշխարհաքաղաքական փոփոխության ընկալումը, ընկալման փոփոխությունը և շատ են մեզ քննադատում: Այսինքն՝ քննադատելու համար ասում են, թե մենք տեսակետներ ենք փոխում, թե մենք մոտեցումներ ենք փոխում: Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ, որովհետև նախ փոխվում է աշխարհը և երկրորդը՝ մեր պատկերացումները փոխվում են իրականության բերած փաստերի հիման վրա:

Մենք չենք կարող աշխարհն ընկալել այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունում բոլորը կամ շատերը, կամ առնվազն դե յուրե արձանագրված էր, թե ՀԱՊԿ-ը որ դեպքում ինչպես պետք է գործի, և երբ դա տեղի չի ունենում, չփոխվելը, դա նշանակում է՝ երկիրը տանել հավաստի կործանման: Այո, մենք փոխվում ենք, որովհետև շատ դեպքերում նաև մեր գնահատականներն են փոխվում, օբյեկտիվ իրականությունն է փոխվում»,- հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքով, այս ամենի աշխարհաքաղաքական ենթատեքստը և հետևությունը հետևյալն է, որ մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև, գտնենք այդ բանաձևը:

«Մենք այսքան խոսում ենք ֆորպոստի մասին, ֆորպոստի տրամաբանության մասին և այլն, սա միայն մեր երկրի արտաքին ընկալում չէ, սա նաև ներքին ընկալում է: Ոչ ոք չի ասել, այդ որ ասում ես ֆորպոստացում, ֆորպոստացում, այդ ո՞վ է մեզ ֆորպոստացնում, այդ ֆորպոստացումը դրսի՞ց է տեղի ունենում, թե՞ ներսից: Շատ կարևոր է արձանագրել, որ այդ ֆորպոստացումը ոչ միայն դրսից է տեղի ունենում, այլև ներսից, որովհետև մենք ինքներս շատ հաճախ, երբ մեր անցած ճանապարհը վերլուծում ենք, տեսնում ենք, որ մենք ինքներս ենք մեզ որպես ֆորպոստ դիրքավորել: Ընդ որում սա քննադատություն չէ ուրիշի հասցեին, սա քննադատություն է իմ հասցեին:

Վերջին 30 տարվա ընթացքում լինելով լրագրող, լինելով պատգամավոր, լինելով խմբակցության ղեկավար, ապա լինելով վարչապետ ի վերջո մեզ հարց չենք տվել, ժողովուրդ ջան, եթե մենք այս մի հարևանի հետ կապված այս պրոբլեմն ունենք և մեր ընկալումն այն է, որ պետք է գնալով խորանա և այլն, մյուսի հետ սա ունենք, մյուսի հետ նա ունենք, մենք ո՞նց ենք պատրաստվում ապրել այս տարածաշրջանում: Այդ պայմաններում, այդ բանաձևի մեջ տարածաշրջանում հնարավոր է ապրել  միայն արտաքին հովանավորությամբ, միայն արտաքին հովանավորությամբ, ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- հայտարարեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ