News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյան. - Սյուների միջև նաև նկարագրվում է փաստաթղթով, թե ինչպես է անցնում սահմանը։

«Ազատություն». - Ո՞ր փաստաթղթով։

Արսեն Թորոսյան. - Երկու հանձնաժողովները դա նկարագրում են։ Եվ նաև լինելու է Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացում։ Կա՛մ դա կլինի միջպետական համաձայնագիր՝ վավերացումով, կա՛մ առանձին օրենք։ Էդ մասով ենթադրում եմ մեր իրավաբաններն աշխատում են:

«Ազատություն». - Երբ սյունը տեղադրվեց, դրա մասին պե՞տք է լինի ինչ -որ փաստաթուղթ։

Արսեն Թորոսյան. - Դա կա արդեն, դա միջպետական համաձայնագիրն է Ալմա Աթայի, որ 2 պետությունները միացել են և ասել են, որ ճանաչում են։ Հիմա այդ ճանաչումը ամրագրվում է գետնի վրա, մենք նոր սահման չենք ձգում։ Նոր սահման գծելը ուրիշ իրավական ընթացակարգ է ենթադրում, սա մեր ունեցած, 2 պետությունների միջև եղած սահմանի պարզապես գետնի վրա ամրագրումն է։

«Ազատություն». - Բայց այդ ընթացքում կողմերը ինչ-որ բան ստորագրո՞ւմ են, որ օրինակ՝ սահմանն անցնում է այստեղով:

Արսեն Թորոսյան. - Ենթադրում եմ, որ էդ նկարագրության տակ ստորագրություններ կդրվեն, չեմ կարող ասել ինչ ընթացակարգով, կամ էդ ստորագրությունները ովքեր կդնեն։ Գիտեք ինչո՞վ է պայմանավորված, նախկին նկարագրություններն այլևս ժամանակի ընթացքում վալիդ չեն։ Այդ նկարագրությունները շատ հաճախ, օրինակ, որ (սահմանը) անցնում է գետակի ափով կամ այգու կողքով, կամ ծառի մոտով, դրանք այլևս չկան։ Հետևաբար նոր նկարագրություն է գրվում, որը կարծում եմ ինչ-որ կերպ պետք է ամրագրվի։ Այսինքն գործող, իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա նոր նկարագրություն է արվում։

Արդյո՞ք Բլինքեն- Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Ոչ Երևանի և ոչ էլ Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ ամենևին այլ երկրների պաշտոնյաների հետ քննարկելու արդյունքում չէ իշխանությունը պատրաստվում հասցեագրել սահմանազատման հետ կապված տավուշցիների մտահոգությունները։

«Բլինքենը չի, որ մեզ պետք է ասի, կամ մենք չի, որ Բլինքենին պետք է ասենք, որ մենք էդ հարցերը լուծելու ենք, մենք դա ասել ենք նախապես, - նշեց Թորոսյանը և ընդգծեց, - լուծելու ենք մեր սահմանը ֆիքսելուց հետո հնարավոր տարբերակներով: Բայց դա չի նշանակում, որ սահմանազատումը չպետք է արվի»:

Որքանո՞վ է ճիշտ խնդիրները լուծել սահմանազատման գործընթացից հետո:

«Ազատության» հարցին՝ «եթե ադրբեջանցին գալու է Կիրանցի կամրջին կանգնի, ինչպե՞ս է կարգավորվելու կամրջի հարցը», Թորոսյանը պատասխանեց. - «Ես չեմ ընտրել, որ մեր հարևանը ադրբեջանցի լինի, ոչ էլ Կիրանցի կամ Բաղանիսի բնակիչը, որ իր հարևանը ադրբեջանցի լինի, հետևաբար, այո, պետք է ադրբեջանցին կանգնի սահմանազատումից հետո: Սահմանազատումը ինքնին անվտանգության երաշխիքի կոմպոնենտ է, եթե պետությունն ունի սահման, դա անվտանգության ավելի բարձր մակարդակ է, քան երբ որ կա շփման գիծ և երկու զինված ուժեր իրար ուշի-ուշով հետևելով սպասում են՝ ով գլուխը կբարձրացնի, որ խփեն մեկը մյուսին: Ակնհայտ է, որ մեր անվտանգությունը բարձրացնող միջոցառում է, ոչ թե իջեցնող, թեկուզ և ադրբեջանցի սահմանապահը գա ավելի մոտ»:

Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքից, որը ամրագրված է Ալմա Աթայի հռչակագրով, որևէ սանտիմետր չի տրվելու Ադրբեջանին։

Դիտարկմանը, որ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման մասին չէ, Թորոսյանն ասում է, թե դա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները՝ իրավական ուժ ունեցող վերջին քարտեզներով համարվում են մեր պետական սահմանները։ Որո՞նք են այդ վերջին քարտեզները։

«Վերջինը տարբեր հատվածներում տարբեր թվականների է եղել, որովհետև այդ ամբողջ սահմանը միանգամից չի համաձայնեցվել երկու սոցիալիստական հանրապետությունների միջև», - նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ