Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Կիրանցում այժմ զրուցում է բնակիչների հետ։
«Այսօր իմ ծննդյան օրն է, տղաներն ասացին՝ որտեղ ենք նշելու, ասացի Կիրանցում: Ուրիշ ու՞ր պիտի լինեմ, եթե ոչ այս նեղության մեջ գտնվող մարդկանց կողքին»,- ասաց Բագրատ Սրբազանը: «Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը պիտի պատասխան գտնի, չի կարող անպատասխան մնալ: Մեր Երևան գնալը հենց այդ նպատակն ուներ և այդ նպատակն է շարունակելու ունենալ»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը: Կիրանցի բնակիչ Խանումը, որի տունը սահմանազատման և սահմանագծման հետևանքով հայտնվելու է Ադրբեջանի տարածքում, Բագրատ Սրբազանին հայտնեց, որ առավոտյան գյուղում նոր սյուներ են տեղադրվել։
«Առանց մեռել, սգի մեջ ենք: Մեր հողի, ջրի ժողովրդի համար ենք սգում: Իմ հայրական հողում սյուն են բերել դրել, բայց ես դուրս չեմ գալու: Ուղղակի խնդրում եմ, որ ժողովուրդը, գյուղացիները կանգնեն իմ կողքին»,-ասաց Կիրանցի բնակիչը: